Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչ-որ բան թաքցվում է». իրավապաշտպանը՝ պայթած ավտոբուսի մասին

Հասարակություն
ishxan

Դեռեւս հայտնի չէ, թե Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի տարածքում հայտնաբերված բջջային քարտի տերն ու պայթյունի արդյունքում մահացած եւ ինքնությունը չպարզված անձը նույնն են, թե ոչ: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով՝ ավտոբուսում եղած 10 անձանցից 9-ի՝7 վիրավորի եւ 1 մահացածի ինքնությունն է պարզվել: Իսկ մյուս մահացածի ինքնությունը պարզել չի հաջողվել, քանի որ նրա մարմինն ամբողջությամբ վնասվել է եւ դարձել անճանաչելի: Քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ավտոբուսի՝ ինքնությունը պարզված 9 անձանցից եւ որեւէ մեկի չի պատկանում հայտնաբերված բջջային քարտը, իսկ պարզելու համար՝ արդյոք այն պատկանում է զոհված՝ ինքնությունը չպարզված անձին, նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն: Սոնա Տռուզյանի խոսքով՝ հայտնի չէ, թե երբ կհրապարակվեն փորձաքննության արդյունքները: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը լիովին չի վստահում պաշտոնական տեղեկատվությանը: Մեզ հետ զրույցում նա նշեց. «Շատ հարցեր կասկածելի են ինձ համար, սա այն դեպքն է, որ պետք է հանրությանը ավելի մանրամասն տեղեկացնել. եթե ահաբեկչական ակտ չէ, ապա ինչ է, ով էր այդ մարդը, ում դեմ էր նախատեսում դա եւ այլն: Առանց այդ ասելու, տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ բան թաքցվում է: Եթե նույնիսկ ահաբեկչական ակտ էր, դա չպետք է թաքցնել, այլ պետք է հասարակությանը զգուշացնել,  որ ավելի զգոն լինեն եւ պարեկությունը ամեն տեղ ուժեղացնել:  Իշխանություններին կհորդորեի շատ ավելի բաց խոսել: Ասեկոսեներից առաջացող խուճապը կարող է շատ ավելի ուժեղ լինել»: