«Պետք է վերացնել լավ գիծ, վատ գիծ հասկացությունները» (տեսանյութ)
«Հասարակական տրանսպորտի նկատմամբ հասարակությունը վստահություն չունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով՝ սա հատկապես ակնհայտ դարձավ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից հետո. «Պաշտոնական առաջին մեկնաբանությունները միանգամից գնացին այն ուղղությամբ, որ հերքեցին ավտոբուսի անսարքության վարկածը, քանի որ հասարակությունն առաջինը դա էր մտածել»,-ասաց նա: Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ թեեւ այդ դեպքը կապված չէ սխալ շահագործման հետ, բայց դա պակաս կարեւոր չէ հետագայում նման դեպքերը կանխելու համար. «Իրականում տրանսպորտի գերծանրաբեռնվածությունը խիստ խանգարում է տեսանելիությանը: Եթե քաղաքացիների միջեւ հեռավորություն եւ տեսանելիություն լինի, ապա նրանք կտեսնեն, որ ինչ-որ բան այն չէ՝ լինի դա ահաբեկչություն, թե պատահական պայթյուն»: Պիպոյանն անդրադարձավ նաեւ տրանսպորտի գերծանրաբեռնվածության խնդրին՝ նշելով, որ առավոտյան պիկ ժամերին՝ 09:00-10:00-ը, բոլոր միկրոավտոբուսներին բաժին է ընկնում 32 հազար ուղեւոր, մինչդեռ նույն ժամերին ավտոբուսներին բաժին ընկնող ուղեւորների թիվն ընդամենը 5000 է: «Այսինքն՝ ավտոբուսներն իրական այլընտրանք չեն, իսկ գծերը կառուցված են սխալ: Պետք է վերացնել լավ գիծ, վատ գիծ հասկացությունները: Եթե այս խնդիրը չլուծենք, չբերենք օրակարգ, ապա որեւէ բան չի փոխվի»,-եզրափակեց նա: