«Մենք ահաբեկչություններից երաշխավորված չենք» (տեսանյութ)
«Երբ որ ցանկացած երկրում՝ սկսած Ադիս- Աբեբայից մինչև Բրյուսել, պատահում է պայթյուն, երկու ժամ հետո հայտարարում են, որ այսինչ կազմակերպությունը վերցրեց դրա պատասխանատվությունը կամ ոչ ոք չվերցրեց, պարզաբանում են պատճառները, բայց անցել է 3 օր, մենք դա էլ չգիտենք: Հանրապետությունում չկա լիարժեք պատասխան, թե որն էր այդ պայթյունի պատճառը, հասարակությունը հստակ և վստահելի տեղեկատվություն չունի»,-այսօր ասաց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը՝ խոսելով ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան- Արզումանյան փողոցների հատվածում պայթած թիվ 63 ավտոբուսի մասին՝ այս համատեքստում հավելելով նաև, որ ահաբեկչության մասին հերքված վարկածը դեռևս ամբողջական տեղեկատվություն չէ: «Մենք ահաբեկչություններից երաշխավորված չենք: Եթե Բրյուսելում և Փարիզում լինում է, ապա մենք ևս պետք է լինենք աչալուրջ»,-ասաց Արմեն Պողոսյանը: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ այս համատեքստում նշեց, որ այն 100 դրամը, որը քաղաքացիները վճարում են երթևեկության համար, դա քիչ է ՝ հերթապահ մեխանիկ և վարորդներին ամեն առավոտ զննող բժիշկ ունենալու համար: «Այդ 100 դրամի պատճառով մենք չենք կարողանում երթուղային բարեկիրթ սպասարկման համակարգ ունենալ Հայաստանում, որովհետև եթե աշխարհում մեկին ասես, որ 15-20 կմ-անոց ճանապարհը 100 դրամով ես գնում, ապա կզարմանա, թե այդ մեքենան ընդհանրապես ոնց է աշխատում: Մեքենաներն աշխատում են մաշվածության հաշվին, վերականգնման ֆոնդ չի ստեղծվում այդ գումարի չափով: Դա մեր «քձիբության» կամ մեր տհասության կամ չգիտեմ ինչի հետևանքն է»,-համոզմունք հայտնեց Ադիբեկյանը: «Ա1+»-ի այն դիտարկմանը, որ եթե հասարակության սոցիալական պայմանները թույլ տային երթևեկության համար վճարել օրինակ 500 դրամ, ապա վթարներից կամ պայթյուններից ապահովված կլինեի՞նք, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Վթարներից՝ այո, պայթյուններից՝ ոչ: Ամեն ինչի համար գծի տերը գումարներ պետք է վճարի, որը նա չի ուզում և ոչ ոք դրանով չի զբաղվում»: Այդ դեպքում ինչի՞ համար է Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը, եթե չի ապահովվելու քաղաքացիների անվտանգ երթևեկությունը՝ անկախ այն հանգամանքից, թե որքան գումար է դրա դիմաց վճարվում,-հարցրեցինք Ադիբեկյանից: Վերջինս ի պատասխան ասաց. «Տրանսպորտի գինը պետք է լինի 200 դրամ, որ համակարգը նորմալ աշխատի: Ես հարցումներ եմ արել միջազգային կազմակերպության համար և դրա հիման վրա այդ կազմակերպությունը ինչ-որ վերլուծություններ և հաշվարկներ է արել և հանգել է այդ եզրակացությանը: Քաղաքապետարանը հերքեց դա՝ ասելով, որ քաղաքացիներից չեն կարող այդքան գումար ուզել, պատկերացնում եք դա ամսական ինչքան գումար է անում: Մենք բոլորս ենք մեղավոր և պետք է պատրաստ լինել ամեն մեկս դրա դիմաց լումա տալ»: