Թուրք պատգամավոր. Ցեղասպանության ճանաչման դուռը բաց չէ (տեսանյութ)
Եթե չես ընդունել նախկին սխալներդ, չես կարող խոսել առաջընթացի մասին։ Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Էրդուղրուլ Քյուրքչուն այսպես է արձագանքում ամեն անգամ, երբ իր երկրի իշխանությունները խոսում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ բարեփոխումների մասին։ Իսկ նախկին սխալ ասելով՝ թուրք պատգամավորը նկատի ունի նաեւ Հայոց ցեղասպանությունը։ Քրդամետ կուսակցության ներկայացուցիչները չեն խուսափում ցեղասպանություն բառն օգտագործել 1915թ ոճագործության մասին խոսելիս։ «Որքան էլ Թուրքիայի տարբեր շրջանակներում քննարկվում է Հայոց ցեղասպանության փաստը, Ճանաչման դուռը դեռ բաց չէ։ ճանաչումը շատ հեռու է պաշտոնականից , այն միայն հանրային մակարդակում է»,-ասում է նա ։ Նրա կուսակցությունը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եւ հայտարարում է՝ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կախում ունենան արցախյան խնդրից: Ի դեպ, Էրդուղրուլ Քյուրքչուն ԵԽԽՎ այն պատվիրակն է, որ նկատողության արժանացավ Թուրքիայի վարչապետի կողմից ։ Ապրիլի կեսերին Ստրասբուրգ հրավիրված Ահմեդ Դավութօղլուն նրան առաջարկեց հարցը թուրքերեն տալ եւ չընդունեց քրդերի նկատմամբ բռնությունների մասին քննադատությունը։ Էրդուղրուլ Քյուրքչուն նրան խորհուրդ է տալիս՝ պարծենալուց առաջ հիշել, որ պատվիրակները կարդում են Թուրքիայի վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցները։ Մանրամասները՝ տեսանյութում