Սիրիայում սպանդ է. 300 զոհ՝ վերջին շաբաթներին (տեսանյութ)
Չնայած կրակի դադարեցման մասին համաձայնությանը՝ Սիրիայում շարունակում են մարդիկ զոհվել։ Վերջին խոշոր հարձակումը մայիսի 5-ին սիրիական Իդլիբ նահանգի մոտակայքում գտնվող գաղթականների ճամբարի վրա է եղել։ Ավիահարվածներից զոհվել է 28 փախստական, 80-ից ավելին վիրավոր է։ Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանի փոխանցմամբ՝ այսօր հանգիստ է Հալեպում՝ ի տարբերություն նախորդ օրերի։ Ցածրորակ հեռախոսակապի պատճառով մանրամասներ ստանալ չհաջողվեց, պարոն Ռեիսյանը հասցրեց միայն փոխանցել, որ հայկական բնակչությունը մարդկային կորուստներ չի ունեցել։ Հալեպահայերի հետ մշտական կապի մեջ է www.arevelk.am կայքի գլխավոր խմբագիր Սագո Արեանը. «Վիճակը գնահատվում է հրադադարային, չնայած որ Հալեպի տարբեր հյուսիսային շրջաններում հրթիռարձակումներ կան։ Հալեպը ավելի խաղաղ է»։ Սիրիայի հայկական համայնքը բավականին նոսրացել է, մնացածների վիճակն էլ շարունակում է լինել անմխիթար։ Պարոն Արեանը նշում է. «Իրավիճակը մնում է ծանր, այսինքն՝ մարդկային տարրական պայմանները՝ ջուր, հոսանք և այլն լուրջ տագնապներ են սրանք։ Լուրջ մտահոգություններ կան, որ այս հարվածից հետո նոր արտահոսք կլինի»։ Միջազգային կազմակերպություններն ահազանգում են գաղթականների նոր հոսքի հնարավորության մասին։ ՄԱԿ-ի տվյալներով՝ նոր սրացումները Հալեպում կարող է ավելի քան 400 հազար գաղթականի՝ դեպի Թուրքիայի սահմաններ տեղափոխվելու պատճառ դառնալ։ «Այս հարվածը նույն այս սցենարի մեջ կարելի է տեղադրել, վախեցնել, մարդկային հոսքը կտրել, հեռու պահել Թուրքիայից ներգաղթականների ներհոսքը»։ Պարոն Արեանի պնդմամբ՝ Թուրքիայի աջակցությունը ահաբեկիչներին՝ ավելի է սրացնում իրավիճակը։ «Իսլամիստ խմբավորումների մեջ ամենաուժեղը այսօր թրքական գործոնը Ալ Նուսրա ճակատն է և պետք է հիշեցնեմ, որ հայկական շրջանները ռմբակոծվել են Ալ Բադր ջոկատի կողմից և մեծ ավերածություններ են արել»։ Սիրիայում իրավիճակի թեժացումը պայմանավորված է նաև Թուրքիայում ներքաղաքական լարված իրավիճակով, քրդական գործոնի ակտիվացմամբ։ «Ամերիկյան ազդեցությունը գնալով նվազում է Թուրքիայում՝ Դավութօղլիի հեռացումով, այլ ֆակտորներով, պիտի կարողանա՞ պարոն Էրդողանը այս ամեն ինչից դուրս գալ, դա ժամանակը կասի»։ Ռոյթերս լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ուրբաթ գիշերը Սիրիայի ապստամբ ուժերը գրավել են Հալեպից 15 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Խան Թուման գյուղը։ Բնակավայրի պաշտպանության ժամանակ 73 մարդ է սպանվել, այս լուրը, սակայն, կառավարական ուժերը հերքում են։ Միջազգային իրավապաշտպան կառույցների տվյալներով՝ վերջին շաբաթներին Սիրիայում զոհվել է 300 խաղաղ բնակիչ։ Դիտեք նաև տեսանյութը