Սամվել Մայրապետյանի ընկերության դեմ հարուցված գործը կարճվել է (տեսանյութ)
Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ»-ի դեմ հարուցված քրեական գործը շարունակություն չի ունենա: Նախաքննական մարմինը մեկ տարի տեւած նախաքննությունից հետո որոշել է կարճել Պուշկին 4/24 հասցեի բնակիչ Ալֆրեդ Կզարթմյանի բողոքի քննություն` հանցակազմի բացակայության հիմքով: Պուշկին 4/24 տան տարածքը կառավարության որոշմամբ ճանաչվել է հանրային գերակա շահ եւ տարածքի ձեռքբերող է ճանաչվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրս» ընկերությունը: Կարճվել է նաեւ «Անիկոմ» գնահատող կազմակերպության դեմ հարուցված քրեական գործը ՝ նույն հիմքով։ Մինչդեռ բնակչի համոզմամբ՝ վերջինս համագործակցում է «Լոկալ Դիվելոփըրզ»-ի հետ եւ ակնհայտ կեղծիքներ է թույլ տվել: « 2011 թ-ին Փորձաքննությունների ազգային բյուրոն միայն իմ տունը գնահատել է 300 հազար դոլարին մոտ համարժեք դրամի չափով: Իսկ սրանք իմ տունը հողի հետ միասին գնահատում են 200,000 դոլար, բա հողը: Ինձ փորձում են գցել մի երկու հարյուր հազար մինիմում: Եթե գերակա շահ օրենքը չլիներ, Մայրապետյանը չէր կարողանա թալանը կազմակերպել: Գերակա շահն էլ ստեղծվել է հատուկ Քոչարյանի կողմից, որ կենտրոնի չհամաձայնվող բնակիչներին մտցնեն գերակա շահի անվան տակ եւ զոռով ստիպեն»,- «Ա1+»-ին ասաց Ալֆրեդ Կզարթմյանը: Բնակիչը հայտարարում է՝ Սամվել Մայրապետյանի կողմից կատարվում է խոշոր չափերի հափշտակում, իսկ դատական կարգով անհնար է արդարությունը վերականգնել։ «Իսկ մարդը կարողացել է եւ փորձագիտական կենտրոնը եւ քննչական ծառայությունը եւ Կենտրոնի դատախազությունը վերահսկում է նրա կողմից, իսկ դրա գումարած նաեւ Կենտրոնի դատարանը: Կենտրոնի բնակիչները շատ լավ գիտեն եւ ասում են, որ Կենտրոնի դատարանը համարվում է Մայրապետյանի դուստր ձեռնարկությունը»,- ասաց նա: Եթե համարժեք փոխհատուցում լիներ, ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Ալֆրեդ Կզարթմյանը դեմ չէր լինի հեռանալ իր տնից, հատկապես որ այն պատմական արժեք չի համարվում։ Խնդրի լուծման ակնկալիքով Ալֆրեդ Կզարթմանը դիմել է Սերժ Սարգսյանին, վարչապետին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին, ՄԻ պաշտպանին եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենին։