«Ռադիոն երբեք դուրս չի մղվել և չի մղվելու» (տեսանյութ)
«Յուրաքանչյուր ռադիոկայան ունի իր ռադիոլսողը: Այն մարդը, որ լսում է Հանրային ռադիոն, ռադիո «Ազալիա» կարծում եմ, որ չի լսի կամ հակառակը, քանի որ այս ռադիոկայանները ձևաչափով են տարբեր, ոչ թե որակական առումներով: Եթե տրամաբանորեն վերցնենք, ապա մեզ լսում են նույնիսկ միջինից ցածր տարիքի մարդիկ, ովքեր օգտվում են նորագույն տեխնոլոգիաներից: Կոնկրետ Հայաստանում շատ քիչ են միջինից բարձր տարիքի մարդիկ, որոնք շատ ակտիվորեն օգտվում են բոլոր նորագույն տեխնոլոգիաներից: Ես սա ասում եմ օնլայն ռադիոկայանների մասին»,- նշում է «ՌադիոԱզալիա» օնլայն ռադիոկայանի հիմնադիր Ազա Սարգսյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի այն հարցին, թե այսօր հասարակության մեջ շարունակո՞ւմ է ակտուալ մնալ ռադիո լսելու սովորույթը և հիմնականում ինչ տարիքի մարդիկ են այսօր ռադիո լսում: Ի տարբերություն այլ ռադիոկայանների՝ «Ազալիա» օնլայն ռադիոկայանը վերջերս է հիմնադրվել՝ Ազա Սարգսյանի կողմից: Հիմնադիրը նշում է, որ իրենց լսարանին մատուցում են լրատվություն՝ ամենատարբեր թեմաներին վերաբերող: «Ազալիա» ռադիոկայանի համահիմնադիր Ժիրայր Ոսկանյանն էլ իր հերթին հավելեց, որ իրենց համար դա լավ է այնքան, որ իրենք ունեն ռադիոունկնդիրների մի զանգված, որոնք հենց իրենց են լսում: «Ես չեմ հասկանում այն լրատվամիջոցներին, որոնք ձգտում են լինել բոլորի համար: Դու բոլորի համար լինելու համար պետք է լինես աղբից մինչև ամենաբարձր նշաձողի վրա, այսինքն` չունենաս կոնկրետ որևէ որակ, ուղղվածություն, որպեսզի բոլորը կարողանան քեզ լսել, այսինքն՝ քո մեջ ամեն ինչ կա: Իսկ եթե դու ունես հստակ նշաձող, հստակ թիրախ ու նպատակներ, ապա դու ունես նաև դրա կոնկրետ լսարանը և աշխատում ես այդ լսարանին բավարարող ինֆորմացիա տալ»,-շեշտեց Ժիրայր Ոսկանյանը: Վերջինս ներկայացրեց նաև մեկ ամսվա կտրվածքով իրենց ունկնդիրների թիվը: «Ապրիլի 1-ից մայիսի 6-ը ռադիո Ազալիային միացել է 3453 ունկնդիր, որոնցից 2971-ը՝ Հայաստանից, մնացյալ ունկնդիրները ՌԴ-ից են, ԱՄՆ-ից, Կանադայից և եվրոպական տարբեր երկրներից: Մեզ համար հետաքրքրիր էր նաև տեսնել ունկնդիրներ Մերձավոր Արևելքի տարածաշրջանից: Հետաքրքիր էր նաև լսելիության ժամաքանակը՝ մոտ 30-60 րոպե: Սա մենք համարում ենք մեծ ձեռքբերում»,-նկատում է Ժիրայր Ոսկանյանը: «Ա1+»-ի վերոնշյալ հարցին անդրադարձավ նաև «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը՝ ասելով, որ հանդիսանալով լրտավական ռադիո, իրենց հիմնականում լսում են 25-ից բարձր տարիքի մարդիկ: «Այն աղբը, եթե լսում է նույն 25-ից բարձր տարիքի ինչ-որ լսարան, մենք այդ լսարանի համար չենք աշխատում, մենք աշխատում ենք այն լսարանի համար, որին պետք է ճիշտ և գրագետ լրատվություն: Ռադիոն երբևէ դուրս չի մղվելու և չի մղվի, ինչքան էլ որ զարգանան լրատվություն ապահովելու էլեկտրոնային միջոցները և նույնիսկ հեռուստատեսությունը ռադիոն դուրս չմղեց ՝ իր կադրային հնարավորություններով: Այսինքն ռադիոյի լսարանը հստակ լսարան է, որը միշտ կլինի»,-ասաց Ալինա Օրդյանը: Ռադիո «Ավրորա»-ի համահիմնադիր Ռուզաննա Շահինյանն էլ իր հերթին համոզմունք հայտնեց, որ ռադիոլսողներ այսօր շատ-շատ կան. «Ռադիոն հիմա տվել- անցել է հեռուստատեսությանը, դա է կյանքի իրականությունը և թաքցնելու բան չկա այստեղ, որովհետև ռադիոն ավելի ճկուն է, ավելի հետաքրքիր և կոմերցիոն տեսակետից էլ խնդիրներ չունի, որ պետք է հեռարձակես, որ կոմերցիոն մեծ եկամուտներ ունենաս և այլն: Իսկ կոնկրետ «Ավրորա»-ի պարագայում պետք է ասեմ, որ մեզ բախտ է վիճակվել մեր ռադիոլսողին ամեն օր տեսնել, այնպես որ ես հստակ կարող եմ ասել, որ մեր լսողը 0-ից մինչև նույնիսկ 95 տարեկան է»,- ասաց Ռուզաննա Շահինյանը: Հիշեցնենք, որ մայիսի 7-ը ռադիոյի միջազգային օրն է: 1895թ-ի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոսարքավորումը՝ իրականացնելով առաջին ռադոիկապը: Առաջին անգամ այս օրը՝ մեծ շուքով նշվել է 1925թ-ին ԽՍՀՄ-ում, իսկ Երևանում լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը սկսվեց 1926թ-ին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ Երևանում հնչեց Երևանի ձայնը: Այդ օրվանից ամեն տարի մայիսի 7-ը Հայաստանում նշվում է որպես ռադիոյի օր: