«Ամեն ինչ կախված է դատավորի քմահաճույքից». պաշտպան
Ամանորի գիշերվանից կալանավորված «Նոր Հայաստան» շարժման անդամ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատական նիստի հենց առաջին օրն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնելու Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Պաշտպանը դա բացատրում է նրանով, որ Դատավորների էթիկայի հանձնաժողովի նախագահ Մնացական Մարտիրոսյանը 4 անգամ օրինականացրել է Գեւորգ Սաֆարյանի գործով կայացրած որոշումները: «Ինքը 4 անգամ քննել է այդ գործը եւ չորս տարբեր որոշումներ է կայացրել եւ չորս անգամ առանց մեկ նախադասություն պատճառաբանելու, գտել էր, որ օրինաչափ է եւ օրինականացրել էր խախտումները՝ համարելով օրինական»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նրա խոսքերով՝ կալանքի որոշում կայացրած դատավորներից մեկը կեղծել է միջազգային պայմանագրի բովանդակությունը, մյուսը՝ գոյություն չունեցող օրենքի վրա էր հղում կատարել, մյուս դատավորը ընդհանրապես չի պատճառաբանել որոշումը, մեկը նշել էր որ հաշվառման վայրում չի բնակվում: «Դատավոր Մնացական Մարտիրոսյանն իրեն նեղություն չի տալիս դատական ակտը պատճառաբանելու: Նշանակում է այսօր ինքը ոչ միայն մեր գործը չի կարող լսել, այլեւ ոչ մի գործ չի կարող լսել, որովհետեւ ինքը չի գտնում, որ դատական ակտը պետք է պատճառաբանվի »: Առաջիկայում պաշտպանը հրապարակելու է այդ որոշումները, թե ինչպիսի խախտումներ են տեղի ունեցել: «Մեր բողոքը՝ իր որոշումը, մեր բողոքը՝ իր որոշումը: Հանրությունը պետք է հասկանա մենք ինչ որոշումներ ունենք: Ոչ մի դատավոր չի ասել մենք այսպես ենք ուզում եւ վերջ: Մնացական Մարտիրոսյանը այդպես է անում: Ամեն ինչ կախված է իր քմահաճույքից»,- ավելացրեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել էր Ամանորի գիշերը, ապա կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Գեւորգ Սաֆարյանը չի ընդունում իր մեղքը՝ նշելով, որ ոստիկաններն են իր եւս 5 ակտիվիստի նկատմամբ բռնություն գործադրել: Գործն ուղարկվել է դատարան, սակայն նիստի օրը դեռ չի նշանակվել: