Իվետա Մուկուչյանն անցավ «Եվրատեսիլի» եզրափակիչ. նա պարզել է ԼՂՀ դրոշը (տեսանյութ)
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացավ «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն իր փայլուն ելույթի շնորհիվ անցավ եզրափակիչ փուլ: Բացի Հայաստանի մասնակցից, եզրափակիչ անցան նաեւ Ռուսաստանի, Նիդեռլանդների, Հունգարիայի, Խորվաթիայի, Ավստրիայի, Չեխիայի, Կիպրոսի, Մալթայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 14-ին: Մինչ այդ՝ մայիսի 12-ին, նախատեսված է մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Իվետա Մուկուչյանին հարցրել է, թե ինչու է Կանաչ սենյակում բարձրացրել ԼՂՀ դրոշը, որն արգելված դրոշների ցանկում էր: Իվետա Մուկուչյանը պատասխանել է. «Ուզում եմ գոչել, բղավել՝ խաղաղություն: Խաղաղություն եմ ուզում սահմանում: Հայաստանը խաղաղություն է ուզում: Հենց այդ պատճառով էլ գրել եմ իմ երգը՝ «Սիրո ալիք»: Սեր և խաղաղություն. բարձրացրել եմ դրոշը, որ մարդիկ կենտրոնանան այդ մտքի վրա՝ խաղաղություն ողջ աշխարհում»։