«Աշխատանքից կտրելու պահ է». քննություն են հանձնում դպրոցների տնօրենները (տեսանյութ)
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ներկա էր իր կուրսեցու քննությանը։
«Դու քննություն ես հանձնում, հա՞»: «Ստիպված հանձնում եմ»,- նախարարի եւ նրա կուրսեցու ՝ թիվ 116 դպրոցի տնօրեն Թագուհի Հովհաննիսյանի երկխոսությունն է:
Այսօր հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննություն էր հանձնում եւս 117 տնօրեն:
«Տնօրենին չեմ կարծում, որ քննությամբ պետք է ստուգեն, իր ամբողջ գործունեությունը պետք է ստուգեն, իր աշխատանքային, իր մարդկային որակները»,- նշում է 116 դպրոցի տնօրենը: Իսկ Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սահակ Գրիգորյանն ավելացնում է . «Սա նաեւ տնօրեններին աշխատանքից կտրելու պահ է, որ ուսումնական հաստատությունից դուրս ենք գալիս, չենք հասցնում մեր աշխատանքները լրիվ կատարենք, լրացուցիչ աշխատանք է» :
Մինչ քննությունը սկսելը, նախարարը բոլորին վստահեցնում է՝ կփորձեն այնպես անել, որ հաջորդ տարվանից մեկ անգամ գրավոր քննություն հանձնած տնօրենները միայն բանավորը քննություն անցնեն, որը լինի պարզապես զրույց:
«Թեստերն այնպիսին են, որ բոլորը պետք է հաջողությամբ անցնեն, իսկ բանավոր հարցազրույցն էլ շատ մեր հարգելի մարդկանցից կազմված խումբ է լինելու եւ պարզապես զրույց է լինելու: Առանց լարվելու, որեւէ խնդրի»,- տնօրեններին հանգստացրեց նախարարը:
Տնօրեննների հավաստագրման քննության հանձնաժողովի անդամ Կարո Նասիբյանը քննության հենց սկզբից նկատել է դիմորդների եւ տնօրենների տարբերությունը. «Աշակերտները, դիմորդները որ գալիս էին, հանգիստ նստում էին իրենց տեղը, բայց տնօրեններն ավելի աշխույժ էին, քան իրենց աշակերտները: Գուցե իրենց կոլեգաներին նոր էին տեսել, ուզում էին խոսել, դա տեւեց սկզբնական հատվածում, նստեցին իրենց տեղը եւ ամեն ինչ ընկավ հունի մեջ»։
Տնօրենններն ունեն 60 առաջադրանք, պատասխանների ձեւաթղթում սխալը ուղղելու տեղ չկա եւ 60 առաջադրանքից գոնե 54-ը պետք է ճիշտ կատարեն: Կոտայքի մարզի Գողթն դպրոցի տնօրեն Հովսեփ Հովսեփյանը 14 րոպեւում ավարտեց քննությունը, ասում է 5 տարի առաջ ավելի շուտ է վերջացրել: «Այն ժամանակ ինը րոպեում ավարտեցի, հիմա երեւի մի քիչ մեծացել եմ»։
2011 թ-ից մինչ այսօր անցկացվել է 12 հավաստագրման քննություն ։
