Հանձնաժողովի նախագահը դատապարտվեց 1 մլն դրամով (տեսանյութ)
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի 4/05 տեղամասային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ավագյանն այսօր դատապարտվեց 1 մլն դրամ տուգանքի՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ դիտորդ Գոհար Աբրահամյանի ձեռքից բջջային հեռախոսը խլելու եւ նրան ընտրախախտումն արձանագրելու հնարավորությունից զրկելու, ինչպես նաեւ երկու այլ քաղաքացու փոխարեն քվեարկելու համար: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այսօրվա դատական նիստի ընթացքում արգելեց տեսանկարահանում անցկացնել: Ամբաստանյալն այդպես էր ցանկանում: 4/05 տեղամասային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ավագյանը դատարանում ընդունել էր իր մեղքը և միջնորդեց արագացված դատաքննություն անցկացնել: Մեղադրողը չառարկեց եւ միջնորդեց նրան դատապարտել 1 մլն 200 հազար դրամ տուգանքի: Իսկ ահա տուժող Գոհար Աբրահամյանի ներկայացուցիչները դեմ էին արագացված դատաքննության անցկացմանը: «Արդյոք ով էր պատվեր տվողը: Իմ կարծիքով անձը չէր գնա հանցագործության, եթե ինչ- որ մեկն իրեն ասած չլինի անել կեղծիքները, խոչընդոտները դիտորդի նկատմամբ»,- «Ա1+»-ին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը: Փաստաբան Դավիթ Գյուրջյանի խոսքերով էլ՝ նախաքննությունը թերի է ընթացել եւ բազմաթիվ հարցեր մնացել են անպատասխան.«Փորձաքննությունը դեռեւս չէր պարզել, հիմա այս ամբաստանյալն է քվեարկել, թե այլ անձ է քվեարկել, նամանավանդ, որ իր կնիքը չէր դրված, այլ հանձնաժողովի անդամի կնիքն էր դրված: Բայց դատավորը կարծես համակարծիք էր նախաքննական մարմնի հետ եւ հալած յուղի պես ընդունեց այդ եզրակացությունները»: Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 79 քրեական գործ: 35 քրեական գործով 38 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքերով՝ մինչ այս հարուցված քրեական գործերում չտեսանք հետեւանքը, պատճառը: «Նրանք մատնանշում են գաղափարը: Արդյո՞ք Սահմանադրության մայր օրենքը կեղծելը գաղափար է, չգիտեմ, իմ մոտ չի տեղավորվում»,- եզրափակեց նա: