84- ամյա կինը պետք է ներկայանա դատարան (տեսանյութ)
84- ամյա Գոհար Ղաբանյանը վաղը պետք է ներկայանա Վարչական դատարան: Նրա որդին՝ Իշխան Նազարեթյանը, դիմել է դատարան՝ Շենգավիթ 6-րդ փողոց 22 տան սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու եւ նոր պայմաններով իր տունը սեփականաշնորհելու համար: «Իր տունը մեր տան վրա կառուցել է եւ միացրել է մեր տան մեջ: Հիմա մենք տուն չունենք: Բոլոր թղթերը ինձ մոտ կա, ասեցի եթե 208 քմ է իր տունը, թող բերի հատակագիծը, դատարկ բլանկ բերեց ցույց տվեց : Առաջին ատյանի դատարանը մերժեց, իսկ վերաքննիչն ասեց այս հարցը դատարանում լուծվելու հարց չէ, դուք ձեր մեջ լուծեք եւ դրանից հետո ինքը որոշեց վարչական տա»,- «Ա1+»-ին ասաց Գոհար Ղաբանյանը: Փաստաբան Տաթեւիկ Բուջատյանը համոզված է՝ Վարչական դատարանում գործի վարույթը պետք է կարճվի, քանի որ հայցվորը ժամկետ է խախտել, թեեւ իր նմանատիպ միջնորդությունը դատական նախորդ նիստերից մեկում մերժվել է։ «Վարչական դատավարության օրենսգիրքը, մասնավորապես 96-րդ հոդվածը նախատեսում է գործի վարույթը կարճել ցանկացած փուլում, եթե լրացել է հայցադիմում ներկայացնելու համար ժամկետները»: Փաստաբանի խոսքերով՝ 1995թ-ին սեփականաշնորհումն է տեղի ունեցել, դրանից հետո հայցվորը պարբերաբար դիմել սեփականաշնորհման համար, սակայն ստացել է մերժումներ: «Քաղաքապետարանը բավարար հիմքեր չի ունեցել իր պահանջը բավարարելու, անձը դիմել է տարբեր մարմիններ խախտված իրավունքը վերականգնելու եւ մարմինները գտել են, որ պահանջը հիմնավոր չէ եւ մերժել են: Այս պահին մենք ինչն ենք քննում դատարանում»: Փաստաբանը նշում է, եթե գործը շարունակվի քննվել, ապա բացասական նախադեպ կդառնա։