Ուրիշի նույնականացման քարտով գնումներ է կատարել
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ անձի նույնականացման քարտով ապառիկ կարգով գնումներ կատարած անձի ինքնությունը։ Երևանի բնակչուհի Կ.Ադամյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ իր նույնականացման քարտով, որը կորցրել է 2014 թվականին, ինչ-որ մեկը 2015 թվականի հոկտեմբերին Երևանում գործող տարբեր խանութներից ապառիկ կարգով կատարել է գնումներ. ձեռք է բերել տեխնիկա (հեռուստացույց, համակարգիչ, հեռախոսներ)՝ իրեն պատճառելով խոշոր չափի գույքային վնաս: Հարուցվել է քրեական գործ՝ խարդախության դեպքի առթիվ և ձեռնարկվել քննչական գործողություններ՝ Կ.Ադամյանի կորցրած նույնականացման քարտով գործարքներ իրականացրած կնոջը հայտնաբերելու համար։ Նախաքննությամբ պարզվել է, որ բնակչուհու կորցրած նույնականացման քարտով 2015 թվականի հոկտեմբերին փորձ է կատարվել նաև բանկի միջոցով ապառիկ կարգով ձեռք բերել պլանշետ, սակայն բանկի աշխատակիցները պարզել են, որ դիմողն իրականում Կ.Ադամյանը չէ, և պայմանագիրը չեն կնքել։ Խանութից և բանկից ստացվել է այլ անձի նույնականացման քարտ ներկայացրած կնոջ լուսանկարը: