«Դղյակները սարքել են ժողովրդի քրտինքով». ակցիա կառավարության մոտ (տեսանյութ)
«Վարչապե՛տ, վարչապե՛տ»,- այսօր բղավում էին հերթական անգամ կառավարության մոտ հավաքված Քաղցրաշենի և հարակից գյուղերի բնակիչները։ Նրանք պահանջում են նախորդ տարի իրացրած խաղողի դիմաց հասանելիք գումարը։ «60 դրամով խաղող են վերցրել։ Մենք ողորմություն հո չենք ուզում։ Հանձնել եմ 10 տոննա խաղող. հողի հարկն ուզում է, ջրի հարկն ուզում է, ո՞նց տամ ես։ Երեք երեխային ո՞նց եմ պահելու»,-նշեց քաղցրաշենցիներից մեկը։ «Մարդիկ ստիպված, հանուն իրենց երեխաների գնում գողություն, հանցագործություն են անում։ Այսպես ժողովուրդ չեն պահում, միայն իրենք ուտում են, ուռճացել են, ընտիր մեքենաներով ման են գալիս, դղյակները սարքել են՝ ժողովրդի քրտինքով»,-նշեց մեկ այլ գյուղացի։ «Մեր երեխաները սոված են, իրենց երեխաները խորոտ պեչենի են ուտում։ Նրանք առ ու փախի ֆեդերացիայի անդամ են։ Մենք եկել, մեր արդար փողն ենք պահանջում»,-հավելեց մեկ ուրիշը։ Գյուղացիների բողոքին միացավ նաև «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Նորիկ Ղահրամանյանը։ «Արտաշատի մայրուղին փակում են՝ ասում են՝ ոչ մի վրացի իրավունք չունի գա խաղող տանելու։ Իրենք՝ ղեկավարներն օրթաղ, կերուխում են անում, բանվորը՝ ջհանդամ, գյուղացին՝ ջհանդամ։ Ես իմ հողը տվել եմ հարևանին, որովհետև չեմ կարող մշակել»։