Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

82-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է որդին

Պաշտոնական
anesteziology-mahacu-n67259-1-1

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական  շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 82-ամյա Հայկարամ Առաքելյանի սպանության  դեպքի առթիվ։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում սպանության կասկածանքով ձերբակալվել է տղամարդու որդին, ով ցուցմունք է տվել դեպքի շուրջ։ Հ.Առաքելյանի մահվան մասին ահազանգն ստացվել է նրա որդուց՝ 2016 թվականի մայիսի 25-ին` ժամը 11:30-ի սահաններում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։  Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանի պատշգամբում հայտնաբերվել է Հայկարամ Առաքելյանի դին, որի արտաքին զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ՝ ձախ աչքի արյունազեղում և քերծվածքներ՝ գլխի ու պարանոցի հատվածներում: Դեպքի առթիվ  նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա՝ հորն սպանելու կասկածանքով ձերբակալվել է որդին։ Վերջինս  հարցաքննվել է որպես կասկածյալ և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Նախնական տվյալներով՝ հոր խնդրանքով որդին նրան ներարկել է կետոնալ տեսակի ցավազրկող, որից հետո մոտ 45 րոպե անց հայրը կրկին խնդրել է դեղ ներարկել: Գիտակցելով, որ նշված դեղը երկրորդ անգամ կարելի է ներարկել միայն առնվազն 6 ժամ անց, այդուհանդերձ,  որդին կատարել է երկրորդ ներարկումը և տանից դուրս եկել: 2 ժամ անց վերադառնալով տուն` նկատել է, որ հայրը մահճակալի դիմաց ընկած ծանր շնչում է՝ շտապօգնություն կանչելու փոխարեն՝ շորով կապել է հոր պարանոցից, նրան բարձրացրել անկողնու վրա և ոչ մի օգնություն ցույց չի տվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, բջջաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին