Շրջանավարտները չեն հերքում ՝ հավաքել են գումար
Դպրոցական զանգի վերջին ղողանջը Հայաստանում ազդարարվեց ավանդականից ավելի լուռ: 1 րոպե լռությամբ՝ բոլորը հարգեցին ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը:
Արմավիր մարզի Գետաշենի միջնակարգ դպրոցի միակ 12-րդ դասարանի շրջանավարտները, ավելի քան ոգեւորված են: Նրանց Վերջին զանգին ներկա է Կրթության եւ գիտության նախարարը:
Տոնական օրն անգամ չեն մոռացվում կրթական համակարգի խնդիրները։ Վերջին զանգի նախօրեին կրկին բարձրաձայնվեց դրամահավաքների մասին: Շրջանավարտները չեն հերքում ՝ հավաքել են գումար, բայց իրենց ցանկությամբ:
«Մենք հայ ենք ու սիրում ենք ճոխություն, բոլորն ուզում են, որ իրենց երեխաները լավ տեսք ունենան: Մենք փոքր չափի գումար ենք հավաքել, ոչ մեկ դեմ չի եղել»,-ասում է շրջանավարտ Մերի Հարությունյանը:
ԿԳ նախարությունը երեխաների ցանկությունը արգելել չի կարող՝ միայն կարող է խորհուրդ տալ. «Դպրոցների ներսում որեւէ դրամահավաք արգելված է, ծնողական կոմիտեներին կոչ է արված՝ վերցնել այն մինիմալը, որն անհրաժեշտ է երեխաներին ուրախանալու համար: Սա նույն գործընթացն է, ինչ Նոր տարվա սեղաններ գցելը, պետք է կարողանան ավելի համեստ ու բովանդակալի լինեն»:
«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տվյալներով՝ գումարը ոչ թե տոնական խնջույքների, այլ տնօրեններին տալու կամ քննական առարկան նույն դպրոցի ուսուցչի հետ պարապելու համար են: ԿԳ նախարարությունն արդեն հատուկ հանձնաժողով է ստեղծել և ուսումնասիրում է հարցը: Սակայն նախարարի կարծիքով՝ խնդիրը հիմնովին լուծելու համար, ժամանակ է պետք:
«Պատժելով, մտրակելով՝ հետո զեկուցելով, որ ըսենց ենք արել, էնենց ենք արել՝ հարցը չի լուծվի»:
Ի դեպ, Վերջին զանգի առիթով, յուրաքանչյուր աշակերտից հավաքված նվազագույն գումարը 60-70 հազար դրամ է։
