Բժիշկը փոխեց քաղցկեղը հաղթահարող տղայի նպատակները (տեսանյութ)
Առողջական խնդիրների պատճառով ամիսներ շարունակ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բուժվող երեխաներին այսօր ուրախացնում էր ծաղրածուն։ 7-ամյա Հայկին դուր էր եկել միջոցառումը, բայց ինքն այստեղ այլ հերոսների էլ կուզենար տեսնել։ «Տոմն ու Ջերին»,-ասաց նա։ 13-ամյա Աբրահամը «Մուրացան» հիվանդանոցում բուժում է ստանում նախորդ տարվա դեկտեմբերից։ Թոքի վիրահատությունն արդեն անցյալում է։ Նա թղթին էր հանձնում իր պատկերացումները՝ կյանքի մասին։ «Կտավի վրա եմ սիրում նկարել, ծով եմ սիրում նկարել՝ կապույտ գույներով»,-նշեց նա։ Աբրահամի երազանքը թղթի վրա չի ընթերցվում. «Երազում եմ իմ բժշկի պես բժիշկ դառնամ, որ բուժեմ երեխաներին»,-ասաց նա։ Մեկ ամսից Աբրահամը կնշի ծննդյան տարեդարձը։ Ամենամեծ ցանկությունն է, որ այդ օրը տանը լինի՝ ընտանիքի հետ։ Հայաստանում տարեկան 80-90 մանկական քաղցկեղի նոր դեպք է գրանցվում։ Ըստ մասնագետների՝ այն ավելի հեշտ բուժելի է։ «100 երեխայից 65-70-ը բուժվում են»,-նշեց մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը։ Բայց Հայաստանն առայժմ հետ է մնում զարգացած երկրներից այս հիվանդության դեմ պայքարի ցուցանիշներով։ Մանրամասները՝ տեսանյութում