Զինվորականի դուստր՝ «Մայրիկիս երազանքն է, որ մենք տուն ունենանք» (տեսանյութ)
4-ամյա Աշոտը ապագայի որոշում է կայացրել։
«Ուզում եմ ես շուտ մեծանալ, քեզ արժանի զավակ դառնալ, քաջ ու անվախ զինվոր լինեմ իմ Հայաստան, քեզ պաշտպանեմ»։
Երազանքի կատարմանը կօգնի հայրը՝ Հայկական Բանակի սպա Վարդան Խուդավերդյանը։
«Աշոտիկին դաստիարակում եմ, որպեսզի նա դառնա խելացի, բանիմաց տղա։ Մեր պետության շարունակողը մեր երեխաներն են, դրա համար ինչքան բանիմաց, խելացի լինեն, այնքան մեր երկրի համար կարևոր է»։
Իսկ մինչ այդ Աշոտը նկարում է Պաշտպանության նախարարության վարչական համալիրի բակում՝ հունիսի 1-ի առթիվ կազմակերպած միջոցառմանը։ Նրա ձեռքով արված նկարն ամենևին էլ կապ չունի զինվորական թեմայի հետ։ Ցույց է տալիս նկարը. «էշուկ»։
Իսկ մեկ այլ նկարի հեղինակը փոքրիկ Մարիամն է, ապագա բժշկուհի։
«Ես դառնալու եմ բժշկուհի, որ բուժեմ մարդկանց, որ հիվանդներ չլինեն»։
Նկարի կենտրոնի արևը իր համար հայրենիք է խորհրդանշում։
«Նկարել եմ արև, ծաղիկներ, տակը գրել եմ խաղաղություն, արև, կապույտ երկինք։ Հայաստանը ինձ համար կյանք է, երջանկություն է, խաղաղություն է»։
Իր երազանքների մասին չի ցանկանում խոսել, փոխարենը զինվորական ծնողների դուստրը խոսում է տնեցիների ցանկություններից. «Մայրիկիս երազանքն է, որ մենք տուն ունենանք»։
Մանկական միջոցառմանը մասնակցում է նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքը։ Ապագա հնաեաբան Մուշեղն ու ապագա բժշկուհի Լաուրան բարեմաղթանքներ ունեն իրենց հասակակիցներին։
«Ուզում եմ, որ բոլորը երջանիկ լինեն, ուրախ, ու բոլոր մանուկներին եմ ես շնորհավորում։,- ասում է Մուշեղը։
Իսկ Լաուրան նշում է. «Ես ուզում եմ, որ իրենք երջանիկ լինեն ու առողջ»։
Նախարարության համալիրի բակում է նաև Սեյրան Օհանյանի տիկինը։ Ռուզաննա Խաչատրյանին ուղեկցում են 2014 թվականի օգոստոսյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինածառայողների հարազատները։
«Այնքան հուզիչ է այս պահը, ուղղակի էն խոնարհումը, որ կա էս մայրերի առաջ, իրենք են մեզ ուժ տալիս, էս նոր ծնված մեր նոր գալիքի վառ ապացույցն են իրենք»։
Սեյրան Օհանյանի կնոջն ուղեկցողների մեջ է 2014 թվականի օգոստոսին հակառակորդի դիվերսիան հետ մղվելիս զոհված Արմեն Հովհաննիսյանի մայրը՝ տիկին Մարինեն։ Նրա գրկում աղջկա զավակն է, ով կրում է իր որդու անունը։
«Այս տղաները, այս փոքրիկները վաղվա ապագա զինվորներն են, իբրև մայր կուզենայի, որ իրենց ծառայությունը անցնի միայն ուսումնական զորավարժություններին մասնակցելիս, այլ ոչ երբեք մարտական գործողությունների»։
Փոքրիկ Արմենի մեջ տատը տեսնում է հայրենիքին կյանքը տված որդու բնավորությունը։