«Կանայք գնում են Թուրքիա առեւտրի, հետ են գալիս որպես հետախույզ» (տեսանյութ)
Լույս է տեսել հրապարակախոս, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հեղինակային «Գայլի հանգույց» գիրքը: Այսօր հեղինակը պատմեց, որ գրքում հայերի հետ կապված տարբեր պատմություններ են՝ հիմքում Հոկտեմբերի 27 –ն է. «Իմ կարծիքով՝ դա թուրքական արտաքին հետախուզության արդյունքն էր: Որովհետեւ Հայաստանը պետք է չունենար սիրված մարդ, ինչպիսին Դեմիրճյանն էր, ամեն ինչ նրա դեմ էր, բայց գրքում դուք այդ ազգանունը չեք տեսնի, ամեն ինչ փոխված է, բայց ընթերցողն ամեն ինչ կհասկանա: Գրքում ես տվել եմ երկու տարբերակ, թե ինչպես են կարողացել դա անել թուրքական հետախույզները, ու ինչպես էր մեր հետախուզությունը աշխատել այդ օրերին, ինչ է նրանց հաջողվել, ինչը՝ ոչ»,- նշեց պարոն Եղիազարյանը, սակայն հավելեց, որ ոչ մի մեղադրանք գրքում չկա: «Ինձ անհանգստացնում է իմ հայրենիքը, որը թշնամու առաջ մերկ է, վերջին պատերազմը ձեզ ապացույց: Գիտեք, որ կանայք գնում են Թուրքիա առեւտրի, հետ են գալիս որպես հետախույզ, թե ինչպես է դա արվում, ինքներդ կկարդաք գիրքը ու կտեսնեք: Եթե այս գրքով ես օգնեմ, որ գոնե մեկ հայ չդառնա գործակալ, ապա իմ գիրքը ստացվել է»,- եզրափակեց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: