Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարկուտը հիմնականում վնաս է հասցրել Արմավիրի մարզին (տեսանյութ)

Հասարակություն
index

Գյուղատնտեսական շուկաները, արդեն 6- րդ տարին անընդմեջ, Երևանում կբացվեն հունիսի 11-ից: Ամեն շաբաթ եւ կիրակի  Կասյան փողոցին եւ «Մալիբու» սրճարանին հարող տարածքներում գյուղացին հնարավորություն կունենա  վաճառել իր իսկ մշակած բերքը: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը  վստահեցնում է, որ տոնավաճառը շահավետ է ոչ միայն գյուղացու այլեւ քաղաքաբնակ սպառողի համար . «Հարթակ է ստեղծվել, որ գյուղացիները եւ քաղաքացիները հանդիպեն: Այստեղ գյուղացին կարողանում է սպառել իր ապրանքը, իսկ քաղաքացին՝ գնել գյուղմթերքն առանց միջնորդի»: Փոխնախարարը վստահեցրեց, որ  գյուղատնտեսական տոնավաճառները նախորդ տարիներին արդարացրել են իրենց: Օրական 40-50 տոննա  բերք է վաճառվել,  5-6 հազար այցելու է եղել: Մյուս շուկաների հետ համեմատ՝ Մակարյանի պնդմամբ՝ գյուղատնտեսական շուկայում ապրանքներն էժան են. «Գնորդների կողմից հաճախ է կարծիք հնչում, որ գյուղատնտեսական տոնավաճառներում վաճառվող գյուղմթերքն էժան չէ: Բայց չի կարող շատ էժան լինել, որովհետեւ ինքնարժեքից ցածր գյուղացին չի կարող վաճառել»: «Ա1+»-ի հարցին, թե բացառո՞ւմ են արդյոք, որ շուկայում կարող են նաեւ վերավաճառողներ լինել, Ռոբերտ Մակարյանը պատասխանեց. «Բացառում ենք, որ վերավաճառողներ կան, բայց չենք բացառում, որ նրանք ուզում են այնտեղ հայտնվել: Երկու շուկայում էլ մենք ունենք աշխատողներ, որոնք ամբողջ օրը հսկում են, եւ եթե նկատում են  վերավաճառողների՝ հեռացնում են նրանց: Մենք  շուկայի բոլոր վաճառողներին տալիս ենք տեղեկանքներ, մինչեւ այդ համայնքային կառույցների միջոցով ստուգում ենք, որ նա վերավաճառող չէ: Ովքեր չունեն այդ տեղեկանքները, իրավունք չունեն վաճառք իրականացնել»: Հունիսի 4-ին և 5-ին հանրապետության որոշ շրջաններում տեղացած կարկուտի եւ դրա հասցրած վնասների մասին  տվյալներ փոխնախարարը չհաղորդեց՝ ասելով, թե մի քանի ժամվա ընթացքում չի կարող խոսել վնասների մասին. «Հիմնական մասը եղել է Արմավիրի մարզում: Մասնագիտական հանձնաժողովներն առաջիկա օրերին կարձանագրեն վնասները, չափերի մասին կտեղեկացնենք»: