Թռիչքից մինչեւ վայրէջք բոլորը հավասարվում են (տեսանյութ)
Ըստ ավանդության՝ վանքի կառուցումն ավարտելուց հետո, քարտաշ վարպետը երկու տաշեղ է պահանջում, համբուրում է տաշեղներն ու ասում՝ «Հոգին սուրբ տա թև»: Եվ Աստծուց թևեր ստանալով վարպետը թռչում, գնում է։ Իսկ վանքն անվանում են «Տաթև»:
Ավանդության մասին ռուս բեյսջամփերներները չէին լսել, սակայն ամենառիսկային էքստրիմի սիրահարներին անասելի հմայել էր Որոտանի կիրճն ու Տաթևի վանքը: «Թռիչքների իրականացման համար սա անասելի տպավորիչ վայր է», -միաբերան ասում էին նրանք:
Փորձնական թռիչքներներից հետո, որոշում էին կայացրել Տաթևում բեյսջամփինգի փառատոն անցկացնել, որի կազմակերպիչը դարձավ Go2Armenia տուրիստական ընկերությունը՝ «Տաթևի վերածնունդ» ծրագրի աջակցությամբ:
Թռիչքների իրականացման հետ կապված բոլոր ռիսկերը մարզիկները վերցրել են իրենց վրա, ունեն ապահովագրական պայմանագրեր ։
«Բեյսջամփինգը մարզաձև չէ, սա ապրելակերպ է, մտածողություն: Այստեղ բոլորը հավասար են, ֆինանսապես անապահովներն ու հարուստ մարդիկ, ամենատարբեր մասնագիտություն ու տարիք ունեցողները: Բոլորիս համար թռիչքը միայն ադրենալին չէ, սա ազատության անփոխանցելի զգացմունք է: Մարդիկ սովոր են ներքևից նայել երկնքին, իսկ մենք երկնքից ենք նայում երկրին, ու սա անասելի հոգեվիճակ է, և շատ բանի կյանքում այլ կերպ ես սկսում նայել»,-ասում է բեյսջամփեր Մարիան։
BASE Fest-ն աննախադեպ է հենց նրանով, որ առաջին անգամ բեյսջամփերները, հիմնականում Ռուսաստանից, նաև Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, վեց օր պարաշյուտային թռիչքներ են իրականացնում ոչ թե շենքերից, այլ՝ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղու խցիկներից: