Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաճառքի են հանվել հայկական առաջին սմարթֆոները (տեսանյութ)

Հասարակություն
smart2

«Ժամանակն է հայկականի» կարգախոսով այսօր հայ սպառողներին ներկայացվեց Արմֆոն առաջին հայկական հեռախոսները: «Ինժեներական հարուստ պատմություն և փորձ ունեցող հայազգի երիտասարդ մասնագետների ստեղծած այս հեռախոսները ոչնչով չեն զիջում աշխարհի առաջատար բրենդների մոդելներին»,-համոզված է «Թեքնոլոջի ընդ  Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր նախագահ Վահան Շաքարյանը: Հայկական սմարթֆոների այսօրվա ցուցահանդես- վաճառքին Վահան Շաքարյանը լրագրողների հետ զրույցում այս կապակցությամբ նշեց. « Ես բիզնեսում եմ արդեն 25 տարուց ավելի և հասկացել եմ մի բան՝ շուկայում ցանկացած ապրանք ունի իր գնորդը և այսօր պայքարել ցածր արժեքի չինական կամ բարձր արժեքի ամերիկյան, կորեական կամ ճապոնական ապրանքի դեմ ՝ անիմաստ է: Կարևորը, որ մեր կողմից արտադրված այս ապրանքը որակով է և մենք ամբողջովին պատասխանատվություն ենք կրում մեր ապրանքի որակի համար՝ արտադրությունից սկսած մինչև ծառայությունը: Սա ևս մեկ քայլ է ՝ լավացնելու  մեր երկրի տնտեսական վիճակը»: Պարոն Շաքարյանի տեղեկացմամբ՝ հայկական հեռախոսներն արտահանվելու են նաև օտարերկրյա շուկաներ, առաջին հերթին՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ուկրաինա, Վրաստան, իսկ հետո կփորձեն գնալ ավելի հեռու՝ եվրոպական շուկաներ: «Ունենք 5 տարբեր մոդելներ:  Իրենց տեխնիկական հագեցվածությամբ դրանք բոլորն էլ մրցունակ են: Դրանք իրենց գնով  ցածր են շուկայում  ճանաչված բրենդներից, բայց բարձր են չինական չճանաչված բրենդներից»: «Ա1+»-ի  այն հարցին, թե մտավախություն չկա արդյոք, որ որպես  անհայտ  ապրանքանիշ  հայկական այս հեռախոսները շուկայում իրացնելու առումով  խնդիրներ  կլինեն, պարոն Շաքարյանը պատասպանեց. « Մեզանից յուրաքանչյուրն էլ, երբ որ ծնվեց, մեզանից որևէ մեկի մասին ոչ մեկ դեռ չգիտեր: Տարիքի հետ, ժամանակի հետ ճանաչում են, իսկ որպեսզի ճանաչեն պիտի ունենաս որակ: Մենք որակն ապահովում ենք, մնացել է ժամանակը: Որոշ ժամանակ հետո միջազգային շուկայում կլինի մի մասնիկ, որը կընդունի և կճանաչի մեզ»: Վահան Շաքարյանի խոսքերով՝ այժմ իրենց հետ բանակցում են երեք խոշոր ռուսաստանյան դիստիբյուտորներ: «Մեր ծառայության երաշխիքը մեկ տարի է: Եթե դուք չեք գցել, չեք ջարդել , ջրի մեջ չեք գցել, ինչ-ինչ պատճառներով  ձեր գնած այդ հեռախոսը չի աշխատում, մենք ոչ թե անվճար վերանորոգում ենք, այլ տալիս ենք միանգամայն նորը»,-շեշտեց Վահան Շաքարյանը: Էկոնոմիկայի փոնախարար Էմիլ Տարասյանն էլ իր հերթին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց. «Այս ապրանքանիշը՝ արմֆոն կամ արմթաբ, այն արտադրանքն է, որը և պոտենցիալ ունի արտահանման և ինովացիաների վրա հիմնված արտադրատեսակ է: Ամեն ապրանք պետք է նայել իր նշաձողին համապատասխան: Եթե դու արտադրում ես  մի ապրանք, որը միջին դասի համար է և բյուջետային է համարվում, բյուջետային դասի սմարթֆոների մասով կարծում եմ, որ Արմֆոնը մրցունակ է: Շուկա մուտք գործելով՝ հենց շուկան ցույց կտա, թե որքանով է արդարացված այդ արտադրատեսակի գոյությունը, քանի որ շուկան բավականին ինքնակարգավորիչ դեր ունի»: «Մեր բոլոր հեռախոսների պահեստամասերը մենք ձեռք ենք բերում տարբեր երկրներից՝ Չինաստանից, Մալազիայից, Հոնկոնգից, Կորեայից: Պահեստամասերը բերվում են Հայաստան, այնուհետև հեռախոսը հավաքվում է մեր գործարանում»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց « Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»  ընկերության աշխատակից Մարինա Ասլանյանը: Վերջինս հեռախոսի առավելությունների  շարքում առանձնացրեց այն, որ հեռախոսում  մշակված և թվայնացված  է հայկական անվանի կոմպոզիտոների գործերը՝ վերածելով դրանք հեռախոսազանգերի: «Արդեն իսկ ներկայացվել են Սայաթ-Նովայի, Նիկողայոս Տիգրանյանի, Ստեփան Էլմասի մի շարք ստեղծագործություններ, որոնք ներկայացված են այս հեռախոսներում՝ ժամանակակից ռինգթոնների տեսքով»,-նշեց Մարինա Ասլանյանը: Նա ներկայացրեց նաև  հայկական սմարթֆոնի այլ առավելություններ: Նշենք նաև, որ  հայկական հեռախոսների արժեքը սկսվում է 51.000 դրամից, իսկ առավելագույն արժեքը՝ 151.000 դրամն է: Դիտեք նաև տեսանյութը: