«Եթե մարդ ցանկություն ունի որևէ բան անելու, ժամանակ կգտնի». Օրբելյան (տեսանյութ)
«Եթե մարդ ցանկություն ունի որևէ բան անելու, ժամանակ միշտ կգտնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր զբաղվածության մասին ուղղված հարցին պատասխանեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ «Ես դեռ նոր եմ բացել Օպերայի դուռը, և առայժմ ծանոթանում եմ։ Սակայն ասեմ, որ հիանալի ձայներ ունենք, ու նաև տեխնիկական կողմը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։» Արդեն երկու օր է, ինչ «երգիչների երազած գործընկերը», ինչպես Օրբելյանին անվանել է «Օպերա նյուզ» պարբերականը, ծանոթանում է անձնակազմի հետ, և արդեն նախաձեռնում ծրագրեր։ «Մեր ուրախությունն ու պատիվն է, որ Կոնստանտին Օրբելյանը ընդունեց հրավերը աշխատելու մեր թատրոնում»,- ասում է օպերայի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը։ Օրբելյանի հրավերով օպերան հյուրընկալեց «Մետրոպոլիտեն օպերայի» երաժշտական մասով տնօրեն Ջոն Ֆիշերին և իտալացի ռեժիսոր Պաոլո Միչեկին, որոնց հետ քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։ «Իմ առաջին այցն է Հայաստան։ Տպավորված եմ երկրով, մարդկանցով, հյուրընկալությամբ։ Հիանալի օպերայի շենք ունեք թե ճարտարապետական առումով և թե ֆունկցիոնալ։ Վոկալի հիանալի դպրոց ունեք, մեծ թվով հրաշալի ձայներ»,- ասաց Ջոն Ֆիշերը։ Միչեկիի հետ, ով աշխարհում հայտնի է, թատրոնում իր նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ, մասնավորապես քննարկվել են լուսային տեխնիկայի արդյունավետ շահագործման հարցերը, և երկու նոր ներկայացման ծրագրերը։ Ավելին՝ տեսանյութով