Զինվորի տունը խլում, դարձնում է «Նացիոնալ» հյուրանոց. ակցիա (տեսանյութ)
70- ամյա Էլյա Երզնկյանը ցույց է տալիս Երեւանի կենտրոնի իր նախկին տան տեղը, որը պետության կարիքների համար քանդվել է 8 տարի առաջ: Մինչ օրս լիարժեք փոխհատուցում չի ստացել:Նրա պահանջն այսօր մեկն է՝ համարժեք փոխհատուցում:
«Տան քառակուսին 1000 դոլարով: Ես այնքան լավ տեղ եմ ապրել, ոչ տրանսպորտ եմ նստել, ոչ երեխաներիս եմ տրանսպորտով տարել: Ամեն ինչը իմ տարածքում էր»,- ասում է նա:
Սակայն Էլյա Երզնկյանը միակը չէ: Պետության կարիքների համար իրենց տներից զրկված բազմաթիվ քաղաքացիներ այսօր կառավարության շենքի դիմաց հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Քաղաքացիների խոսքերով՝դեռ տարիներ առաջ իրենք պետք է նորակառույցներում ապրեին, սակայն մինչ օրս պայքարում են բնակարան ձեռք բերելու համար:
«Նշանակել են վարչապետի խորհրդականին՝ Հայկ Դավթյանին, որ լուծի այս հարցը: Ինքն էլ ֆռռռացնում է, ինչ- որ տարօրինակ բաներ է առաջարկում: Կենտրոնում հող շինությունդ հանձնես, գնաս Նորք-Մարաշում ինչ-որ բնակարան տան, առանց վերանորոգման»,- նշում է Օֆելյա Զաքարյանը:
Իսկ Կարինե Սահակյանն ավելացնում է, որ ոչ –ոք չէր խնդրել տներից հանել:
«Երեխեքը պուճուր էին, արդեն չափահաս են դառել, ապրել են ուզում, ամուսնանալ են ուզում: Իսկ հիմա նրանք հրաժարվում են մեզ քաղաքի կենտրոնում տուն տալ»:
Նրանց հանդիպեց միայն քաղաքացիների ընդունելության եւ դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ տեղեկացրեց, որ վարչապետը հանդիպումներ ունի:
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակիչ Հենզել Աբրոյանն էլ է բնակարան պահանջում: Տարիներ առաջ նա 60 հազար դոլար է վճարել Ամիրյան 4/14 հասցեում բնակարան ստանալու համար, սակայն տեղում հյուրանոց է կառուցվել: «Կոռուպցիայի դեմ պայքարող վարչապետը ո՞նց է սահմանին գտնվող զինվորի տունը խլում, դարձնում «Նացիոնալ» հյուրանոց եւ գումարը հետ չի վերադարձնում: Կոռուպցիա է ման գալիս գյուղացիների կարտոֆիլ եւ կաղամբ ցանողների մեջ, խնդրեմ իր մեջ թող գտնի դա»,- ավելացրեց նա:
Բողոքող քաղաքացիներին արդեն երկրորդ շաբաթն է՝ միացել են «Կոնտինենտ տեքստ» ընկերության աշխատակիցները Նրանք պահանջում են իրենց 30 մլն դրամի աշխատավարձը: Երեք տարի առաջ կարի արտադրամասը լուծարվել է եւ 140 հոգի մնացել առանց աշխատանքի:
«Բավական չէ, մարդկանց զրկեցին աշխատանքից, շենքը վաճառեցին: Հիմա էլիտար շենք են սարքում, մեր փողերն էլ չեն տալիս: Ում դուռը թակում ենք, ասում են կստանանք, բայց ո՞ւր է»,- ավելացնում է Գոհար Թամամյանը:
Ֆաբրիկայի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ոստիկանությանը: Այն գործել է 1967 թ-ից եւ արտադրել է ոստիկանական համազգեստ:
