«Երեխային խնամքի կենտրոն տանելու թիվ 1 պատճառը աղքատությունն է» (տեսանյութ)
2006 թվականին մեր երկրի խնամքի հաստատություններում բնակվում էր 11.000 երեխա, 2013-ի տվյալով՝ նրանց թիվը նվազել է՝ հասնելով 3500-ի։ Սա իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և անհատների միջոցով։ «Մեր նպատակը չէ հին, խորհրդային շրջանի հաստատությունները փակելը։ Սակայն երեխաները պետք է հասակ առնեն իրենց ընտանիքներում, ապրեն իրենց համայնքում և հաճախեն տեղի դպրոց»,-այսօր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ նշեց Յունիսեֆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Տանյա Ռադոչայը։ 193 պետություններում աշխատող կազմակերպությունը 22 տարի է՝ Հայաստանում է։ Տիկին Ռադոչայը շեշտեց, որ չափազանց կարևոր է կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաների համար խնամքի այլընտրանքային ծառայությունների ստեղծումը։ «Թիվ 1 խնդիրը, որի համար երեխաներին տալիս են խնամքի կենտրոններ, աղքատությունն է։ Սակայն բացի այս, կա նաև ծնողավարման կարողությունների հարցը, որը կարող է խաթարված լինել ծնողների՝ մանկության շրջանում ունեցած բարդություններով, հոգեկան առողջության տարբեր խնդիրներով կամ տարբեր կախվածություններով՝ ալկոհոլից, թմրանյութերից և այլն։ Երեխաներին պաշտպանող լուծում պետք է գտնել, սակայն դա չպետք է լինի հաստատությունում տեղավորելը»,-ասաց նա։ Տիկին Ռադոչայը շեշտեց, որ մեծ ջանքեր պետք է գործադրվեն այլընտրանքային ընտանեկան միջավայր գտնելու համար, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա հասակ առնել ընտանիքում։ «Դա կարող է լինել ընդլայնված ընտանիք հասկացությունը, այսինքն, ազգականները, խնամատարները կամ որդեգրող ընտանիքը։ Հայաստանում կան հիասքանչ, հոգատար խնամող ընտանիքներ, որոնք ի զօրու են հոգ տանելու երեխաների մասին, անգամ եթե նրանք իրենց կենսաբանական երեխաները չեն։ Միայն թե այս գործընթացին պետք է օժանդակել»։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանն էլ նշեց, որ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ գործող 4 մանկատներից 2-ը փակվել են, երեխաները հիմնականում վերադարձել են կենսաբանական ընտանիք։ «Ա1+»-ի դիտարկմանը, թե երբեմն գիշերօթիկ հաստատությունների տնօրենները հրաժարվում են թույլատրել երեխաների դուրս բերումն այնտեղից, քանի որ երեխաների թվով են գումար ստանում, ձեռնտու չէ իրենց, նախարարության ներկայացուցիչը նշեց. «Եթե ծնողը ցանկանում է երեխային վերադարձնել ընտանիք, դիմում է իր բնակության վայրի մարզպետարան կամ եթե Երևանի բնակիչ է, քաղաքապետարան։ Դեպք վարողները գնահատում են ընտանիքի կարողությունները և որոշում երեխային վերադարձնել։ Գիշերօթիկի տնօրինությունն ընդհանրապես իրավունք չունի եզրակացությունը ստանալուց հետո մի օր անգամ պահել երեխային»։