Տավուշի մարզում բացվել է Անասնաբուժական սպասարկման կենտրոն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն նախօրեին Տավուշի մարզի Բերդ քաղաքում մասնակցել է Անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացվող CARMAC ծրագրի շրջանակներում: Սերգո Կարապետյանը նշել է, որ CARMAC 2 ծրագրում, որի երկրորդ փուլը շարունակվելու է մինչև 2019 թվականը, նախատեսվել է ընդգրկել 100 համայնք, սակայն ինչպես և առաջին ծրագրի դեպքում ակնկալվում է նախատեսվածից ավելի շատ շահառուներ ունենալ: «Արդյունքում` մեր լեռնային արոտավայրերի շուրջ 40 տոկոսը կջրարբիացվի, և մեր գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան տարվա մեջ 6-7 ամիս իրենց կենդանիներին ամառային արոտավայրերում պահելու, ինչը մեծ նշանակություն ունի կերի բազայի ստեղծման համար: Բացի այդ, տրամադրված գյուղտեխնիկայի շնորհիվ նաև մսուրային շրջանում հնարավորություն կլինի կենդանիներին անասնակերով ապահովելու», - ընդգծել է նախարարը: CARMAC ծրագրով անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոններ են հիմվել նաև Արագածոտնի Արտաշավան, Սյունիքի Խնձորեսկ և Գեղարքունիքի Ճամբարակ համայնքներում: Եվս մեկ կենտրոն այս տարի կհիմնվի Շիրակի մարզի Փանիկ համայնքում, շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: CARMAC 2 ծրագրով, որը մեկնարկել է 2016 թվականից, նախատեսվում է հիմնել ևս չորս նմանատիպ կենտրոն: Ծրագրի շրջանակում կենտրոններն ապահովվում են անասնաբուժության և արհեստական սերմնավորման սարքավորումներով, անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով: Կենտրոնները նախատեսված են խթանելու անասնաբույժների և ֆերմերների համագործակցությունը, բարելավելու անասնաբուժական և արհեստական սերմնավորման ծառայությունների մատուցումը, ինչպես նաև ապահովելու ֆերմերային տնտեսություններին որակյալ անասնաբուժական դեղորայքով և պարագաներով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին