«Էդ վերջում շատ եք խոսում այսօր». վարչապետը բարկանում է
Պետական կառույցներից կվերցվի եւս 383 ավտոմեքենա եւ կտրվի Պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում վաճառելու նպատակով: Այս որոշումը այսօր կայացվեց գործադիր մարմնի նիստի ժամանակ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, որ հայտարարված ժամկետն արդեն ավարտվում է եւ հորդորեց հետեւողական լինել այն պետական կառույցներին, որոնք դեռ չեն հանձնել իրենց մեքենաները. «Արդեն հայտարարե՞լ ենք մեքենաների վաճառքի մրցույթները»,- հետաքրքրվեց վարչապետը: Իսկ Արման Սահակյանը պատասխանեց, թե այս պահին ընթանում են մեքենաների գնահատման աշխատանքները, որից հետ կհայտարարվի վաճառքի մասին: Այս ընթացքում Հովիկ Աբրահամյանը ամենայն հավանականությամբ աղմուկ լսեց դահլիճում եւ կիսատ թողնելով հարցը՝ բարձր տոնով ասաց. «Էդ վերջում շատ եք խոսում այսօր, ի՞նչ է պատահել»: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի շենքերի բակերը ասֆալտապատելու եւ վերելակները վերանորոգելու համար կառավարությունն այսօր հատկացրեց 150 միլիոն դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահմյանը նշեց, որ այդ գումարը կրճատվելու է կառավարության աշխատակազմից: