Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը չի գտնում բռնություն կիրառած իր աշխատակիցներին (տեսանյութ)

Հասարակություն
երիկիր

«Էլեկտրիկ Երեւան» պայքարից մեկ տարի անց դեռ չեն պատժվել այն ոստիկանները, որոնք բռնի ուժ են կիրառել ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ: Այսօր Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Հայկուհի Հարությունյանը նշեց, որ հունիսի 23-ի միջադեպից միայն տասն օր հետո է սկսվել քննությունը, որը շարունակվում է առ այսօր: Նրա խոսքով՝ քննությունն այսքան երկար է տեւում, քանի որ նախաքննության ժամկետն անընդհատ երկարացվում է, եւ դրա համար որեւէ սահմանափակում օրենքով չկա։ Հայկուհի Հարությունյանը հեգնանքով նշեց, որ սա բավականին բարդ գործ է։ «Հատուկ քննչական ծառայությունը հնարավորություն չունի նույնականացնել եւ ոստիկանությունը նույնպես կադրերում պատկերված անձանց վերաբերյալ տեղեկություն չի տալիս։ Ոստիկանությունն ասում է՝  ես ոստիկանության տվյալ  աշխատակցին չեմ կարողանում գտնել»,-ասաց նա՝ հավելելով, որ գործը կարող է ձգվել եւս մեկ տարի։ Քննարկմանը ներկա՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանի խոսքով՝ ոստիկանությունը հունիսի 23-ին բերման էր ենթարկել 237 հոգու՝ պնդելով, որ նրանք բոլորը կասկածվում են խուլիգանություն կատարելու մեջ, սակայն հետագայում քննչական կոմիտեն դա հերքեց։ «Ոստիկանները զանգվածային հալուցինացիա՞ ունեին, որ 237 հոգու գործողություններում խուլիգանություն էին տեսնում։ Մինչեւ հիմա նրանք պատասխան չեն տվել»,-ասաց նա։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ կարծում է, որ չպետք է մեղադրել միայն ոստիկաններին։ «Քաղաքական վերնախավը որոշում է կայացրել եւ ոստիկաններին հրահանգել, սա քաղաքական մոտեցում է եղել»։