Լարսը կբացվի հատուկ ռեժիմով՝ ՆԳՆ հսկողությամբ. ԱԻՆ
ՀՀ և ՌԴ ԱԻՆ համագործակցության արդյունքում 289 քաղաքացի արդեն հայրենիքում է Հունիսի 30-ից հուլիսի 1-ը ռուսական օդանավի 6 չվերթով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է տեղափոխվել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված ՀՀ 289 քաղաքացի (այդ թվում` 73 կին, 31 երեխա)։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից նույն ինքնաթիռով Ռուսաստան է տեղափոխվել ՌԴ 13 քաղաքացի (այդ թվում` 2 կին, 2 երեխա): Առաջնահերթ նախապատվությունը տրվել է ծերերին, կանանց և երեխաներին: ՀՀ ԱԻՆ խնդրանքով` նախատեսված 4-ի փոխարեն ՌԴ ԱԻՆ «ԱՆ-148» օդանավն իրականացրել է ևս 2 լրացուցիչ չվերթ։ ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի կարգադրությամբ` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի և աշխատակիցների շուրջօրյա հերթապահություն, ծավալվել են ԱԻՆ բժշկական, հոգեբանական և տեղեկատվական ծառայությունների արձագանքման կետեր` Բեսլանի օդանավակայանից ժամանող ՀՀ քաղաքացիներին օգնություն տրամադրելու համար: Լարսի անցակետի մոտ ծավալված ժամանակավոր ճամբարներում գրանցված բոլոր ՀՀ քաղաքացիները ՌԴ ԱԻՆ օդանավով տեղափոխվել են Հայաստան: Ներկայումս անցակետում մնացել են միայն այնտեղ արգելափակված բեռնատար և մարդատար մեքենաների վարորդները: ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Ա. Ղազարյանի տվյալներով` Վրաստան-ՌԴ սահմանային հատվածում կա դեռևս ՀՀ 51 քաղաքացի (բոլորը` տղամարդ), որոնք Լարսի անցակետ են ժամանել օդանավի վերջին չվերթն իրականացնելուց հետո և վրանային ավանում գրանցված չեն: Նշենք, որ հունիսի 23-ից սկսած ՀՀ ԱԻ նախարարությունը ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվական բոլոր խողովակներով պարբերաբար իրազեկել և զգուշացրել է բնակչությանը Լարսի անցակետի փակման մասին` հորդորելով օգտվել այլընտրանքային ճանապարհներից: ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այսօր կապ է հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կախա Թերթվաձեի հետ, որի հաղորդմամբ` հուլիսի 4-ին, ժամը 17:00-ին Դարիալում ժամանակավորապես կբացվի ավտոճանապարհ 4×4 թեթև մարդատար մեքենաների համար, հատուկ ռեժիմով՝ ՆԳՆ հսկողությամբ: Առաջիկայում տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։ Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել Վրաստան-ՌԴ սահմանային անցակետի փակվելու և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցնելու մասին: Դրա պատճառ է հանդիսացել ժամը 16:00-ի սահմաններում Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 135-րդ կմ-ում (սահմանային անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա) առաջացած սելավային հոսքը: Դժվարին իրավիճակում հայտնված մեր համաքաղաքացիների աջակցությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ ԱԻ նախարարությունը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը սերտորեն համագործակցել են Վրաստանի և ՌԴ իրենց գործընկերների հետ` մշտական կապ պահելով ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների հետ: