Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել

Պաշտոնական
923379eda5d384212fecbba6b09e22db

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Էլի Վիզելի ընտանիքին՝ մեծ հումանիստ, գիտնական, Նոբելյան մրցանակակիր և Հայաստանի մեծ բարեկամ Էլի Վիզելի վախճանի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել Էլի Վիզելի ընտանիքին ու մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն: «Վերապրելով հոլոքոստը՝ նա իր ողջ կյանքն անցկացրեց՝ պայքարելով անարդարության, անհանդուրժողականության և անտարբերության դեմ: Մենք բարձր ենք գնահատում Էլի Վիզելի ներդրումը անցյալում կատարված ցեղասպանությունների մասին բարձրաձայնելու և «Այլևս երբեք» կարգախոսին հավատարիմ՝ նման սարսափելի հանցագործություններից զերծ ապագա կերտելու գործում: Անուրանալի են նրա հետևողական ջանքերը՝ միտված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Հավատացած եմ, որ Էլի Վիզելի արդարության կոչերը կհավերժանան՝ իրենց արձագանքը գտնելով նաև ցեղասպանությունների նախատիպ դարձած Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերում՝ որպես այդ հանցագործության կանխարգելման նվազագույն անհրաժեշտ միջոց: Մեզ համար մեծ պատիվ էր նաև, որ Էլի Վիզելը դարձավ «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխության ընտրող հանձնախմբի համանախագահ՝ արժանին հատուցելու համար մերօրյա այն հերոսներին, ովքեր օգնում են մարդկանց անձնվեր բացառիկ ջանքերով: Դա ևս մեկ քայլ էր՝ ուղղված անտարբերության վերացմանը: Հայաստանի Հանրապետությունն այս և այլ նման նախաձեռնություններով շարունակելու է մնալ ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի առաջամարտիկների շարքում: Ես հաճախ եմ իմ ելույթներում մեջբերում կատարում նրա իմաստուն խոսքերից: Նրա թողած ժառանգությունը ողջ մարդկության ձեռքբերումն է, որ մենք պետք է փայփայենք, և որով պետք է առաջնորդվենք մեր հետագա գործունեությունն իրականացնելիս: Նա իր կյանքով «ավելի լավի» օրինակ է ծառայել համայն մարդկության համար: Էլի Վիզելի ավանդը համամարդկային է, ինչպես որ համամարդկային է նրա կորուստը: Մեզ համար հարազատ դարձած այս անունը մեկընդմիշտ կմնա Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամների շարքում»,- ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում: ............................

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ԻՐԱՔԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՀԵՅԴԱՐ ԱԼ ԱԲԱԴԻԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Հեյդար ալ Աբադիին՝ Բաղդադի Ալ Քարադե թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր անմեղ քաղաքացիներ։ «Հայաստանը խստորեն դատապարտում է այդ ահաբեկչությունը, որի նպատակը ինչպես Իրաքում, այնպես էլ տարածաշրջանում անկայունության նոր ալիք հրահրելն է: Մարտի դաշտում իրաքյան բանակի տարած հաղթանակներից խուճապահար ահաբեկիչները նենգորեն իրենց թիրախն են դարձնում քաղաքացիական անձանց: Ռամադան սուրբ ամսվա ընթացքում խաղաղ բնակչության նկատմամբ այս սոսկալի հանցագործությունները որևէ արդարացում չունեն: Մեր զորակցությունն ենք հայտնում բարեկամ Իրաքին՝ երկրի տարածքում ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելուն ուղղված վճռական ջանքերում։ Վշտի և կորստյան այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իրաքի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: