Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի ձուկ որսացին, հազարավոր ապագա ձկներ կորան» (տեսանյութ)

Հասարակություն
sig

Վերջին տարիներին սիգի պաշարները  ավելացել են, սակայն  դեռեւս սա հիմք չի տալիս ենթադրելու, թե այդ ձկնատեսակի վերացումը կանխվել է: ԳԱԱ Կենդանաբանության եւ  հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի խոսքերով՝   կարեւոր է գոնե ձվադրման շրջանում հսկողությունը ուժեղացնել եւ պահպանել. «Ոչ թե մենք տեսնենք մեր շուկաներում սիգը եւ ձկնկիթը դրված դույլերով վաճառվի: Դա նշանակում է, որ մի ձուկ որսացին, հազարավոր  ապագա ձկներ կորան»: Նրա խոսքերով՝ եթե ձկների մայրական կազմը եւ մանրաձուկը պահպանվի, ապա պաշարների ավելացումն անխուսափելի կլինի: Նախորդ տարի Սեւանից որսացել են արդյունագործական չափերի 430 տոննա սիգ: Սակայն ձկների ձվադրման համար նախկինում պիտանի համարվող գետերը վաղուց բարենպաստ չեն ձկների բազմացման համար: « Պատճառը գետերի հունը փոխելն է,   ազգաբնակչության կողմից գետերը թափվող աղբը եւ ՀԷԿ-երը»,- նշեց  Բարդուխ Գաբրիելյանը: Պարոն Գաբրիելյանը հորդորում  է  որքան հնարավոր է շատ կարաս որսալ: «Այս ձկնատեսակը Սեւանա լճի համար համարվում է ոչ ցանկալի, խանգարում է կողակի և բեղլուի բազմացմանը եւ  գրավում է նրանց  արուներին»,- ասաց  տնօրենը: ԳԱԱ Կենդանաբանության եւ  հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենն անդրադարձավ նաեւ Սևանա լճում խեցգետնի պաշարներին՝ նշելով, որ մոտավոր գնահատականներով՝ արդյունագործական չափի խեցգետնի քանակը մոտ է 2 հազար տոննայի է հասնում: Տնօրենի խոսքերով՝ խնդիրը ներկայումս կայանում է նրանում, որ որսագործիքներ են բերվել եւ սելեկտիվ որս  չեն կատարում: Որսում են եւ մեծ եւ փոքր խեցգետին: