Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ ծավալի չարաշահումներ՝  հանգստյան տների հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
badalyan

Սոցփաթեթների ընթացակարգերում կան բացեր, որոնք ժամանակի ընթացքում են ձեւավորվել ու շտկելու համար ժամանակ է անհրաժեշտ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը սոցփաթեթների մեջ հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կասեցնելու մասին նաեւ նշեց, որ իրեն հատկապես մտահոգում է պետական աշխատողների հանգամանքը: Ինչ վերաբերում է չարաշահումներին, ապա պարոն Բադալյանը նկատեց. «Քաղաքացիները, այդ թվում հավանաբար, դժվարությամբ եմ ասում, քաղաքացիական ծառայողներ նաեւ նրանց շարքում, հանգստի տների հետ կեղծ պայմանավորվածությունների են եկել, ձեւակերպումներ արել, իրականում չհանգստանալով եւ ֆինանսական փոխանցումներ արել այդ հանգստյան տներին»: Նրա տեղեկություններով՝ այս չարաշահումները մեծ ծավալներ են կրում եւ քանի որ սեցփաթեթները ձեւավորվում են պետական միջոցներով, ապա այդ միջոցների վատնում չպետք է թույլ տալ. «Կարծում եմ՝ այս կասեցումը կարճաժամկետ կլինի ու շատ օպերատիվ այս հարցը կլուծվի, քանի որ օրինապահ քաղաքացիները այստեղ չպետք է տուժեն»: Պարոն Բադալյանը չի կիսում այն տեսակետը, թե բյուջեում փող չկա, ու հենց այդ նպատակով է իրականացվում նման օպտիմալացում. «Բյուջեով դա նախատեսված գումար է ու այսպես, թե այնպես այդ նպատակով հատկացված է: Կրկնում եմ՝ այստեղ վատնում չպետք է թույլ տալ: Եվ որպեսզի հողմաղացների դեմ չպայքարենք անարդյունավետ, կասեցնում ենք հիմա, որպեսզի այդ բացերը շտկենք, վերացնենք: Չե՞ք գտնում, որ այսօր ճիշտ չէր լինի իրավապահ մարմինների կողմից գործողությունները, պատիժները. ավելի լավ է կասեցնել մի կարճ շրջան ու խնդիրը լուծել»: Ի դեպ, նա վստահեցրեց, որ այդ սոցփաթեթներից չեն օգտվում ոչ վարչապետը, ոչ նախարարները, ոչ էլ պաշտոնյաները, այդ թվում՝ նաեւ ինքը: