Տեսողական խնդիրներով անձինք ըստ նոր ծրագրի՝ քաղաքում ազատ կտեղաշարժվեն
Մայրաքաղաքում կմեկնարկի տեսողական խնդիրներ ունեցող անձանց հարմարավետ տեղաշարժի ապահովմանը միտված ծրագիր Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոց: Քաղաքապետին ներկայացնելով կրթօջախի գործունեությունը՝ պատասխանատուները նշել են, որ կրթություն ստանալուն զուգահեռ, դպրոց հաճախող երեխաներին այստեղ ուսուցանում են նաև քաղաքում ինքնուրույն տեղաշարժվել և ղեկավարվել: Երևանի քաղաքապետին են ներկայացվել դպրոցի բակում տեղադրված հատուկ գոգավոր ծածկույթով դեղին սալիկները, որոնք նպատակ ունեն օգնելու տեսողական խնդիրներ ունեցող անձանց նախազգուշացնելու, որ առջևում առկա են որոշակի խոչընդոտներ՝ աստիճաններ, մայթի ավարտ և այլն: Հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում լայն կիրառում ունեցող գոգավոր դեղին այս սալիկները հետագայում տեղ կգտնեն նաև մայրաքաղաքի որոշակի հատվածներում: Որպես փորձնական ծրագիր, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ քննարկելով, այս դպրոցից բացի, նաև «Կույրերի մշակույթի տան» մուտքի աստիճանավանդակն ու Թումանյան փողոցի մի հատվածն է որոշվել կահավորել նման սալիկներով: Առանձնակի կարևորելով նմանատիպ ծրագրերի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հարմարավետ քաղաք ունենալը ծրագրային այն առաջնահերթություններից է, որի կյանքի կոչման արդյունքում Երևանը պետք է հարմարավետ լինի բոլորի համար: «Վերջին երեք տարիների ընթացքում քաղաքապետարանն ակտիվ համագործակցություն է ծավալել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ, և արդեն նկատելի արդյունքներ ունենք: Նաև արդեն երեք տարի է, ինչ մենք համայնքային բյուջեում միջոցներ ենք նախատեսում Երևան քաղաքում թեքահարթակներ կառուցելու համար: Մրցույթի հիմնական պահանջը մեկն է, որպեսզի կատարվի որակյալ աշխատանք և ապահովվի իսկապես հարմարավետ միջավայր, իսկ վերահսկողությունն էլ իրականացնում ենք շահագրգիռ բոլոր կազմակերպությունների հետ միասին: Բացի այդ, իմ կողմից գլխավոր ճարտարապետին եղել է հանձնարարական, որպեսզի նախագծային բոլոր աշխատանքների ժամանակ հաշվի առնեն ներկայացվող բոլոր առաջարկները: Քաղաքաշինական ծրագրերից հետո ավարտական ակտերը ևս ընդունվում են միայն այն դեպքում, երբ ապահովված են լինում թեքահարթակների հետ կապված բոլոր պայմանները: Այսօր արդեն մեծ ծրագիր ենք սկսում նաև կույրերի համար, որը ևս կիրականացվի բոլոր վարչական շրջաններում: Փորձում ենք նաև քաղաքային տրանսպորտը հարմարավետ դարձնել հատուկ խմբերի մեր համաքաղաքացիների համար: Բայց այսքանով չպետք է սահմանափակվենք, անելիքները դեռ շատ են: Քաղաքային իշխանությունը հստակ գիտակցում է, որ դեռևս խորհրդային տարիներից եկող այս բացթողումը պետք է լրացվի, և մենք պետք է լուծումներ տանք»,- ընդգծել է քաղաքապետն ու մեկ անգամ ևս հավելել, որ քաղաքապետարանը բաց է համագործակցության համար և պատրաստ է լսել բոլոր առաջարկություններն ու միասնական լուծումներ տալ խնդիրներին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն