Բրուցելոզն ամենաշատը տարածված է Կոտայքում եւ Արարատում (տեսանյութ)
Հայաստանում բրուցելոզ հիվանդությունը մնում է օրակարգային։ Ըստ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի՝ պատճառները բակային մորթն է եւ կենդանիների տեղաշարժի ոչ պատշաճ տեղափոխումը, որը համարակալման բացակայության խնդիրն է: ՍԱՊԾ-ն ամեն տարի Հայաստանի բոլոր մարզերում անցկացնում է բրուցելոզի կանխարգելման գործընթացներ։ Խոշոր ու մանր եղջերավոր կենդանիները անցնում են լաբարատոր թեստավորում եւ բրուցելոզի հայտնաբերման դեպքում ենթարկվում սանիտարական սպանդի: 2015 թվականին հայտնաբերվել են 1512 հիվանդ կենդանիներ. «Լավ գիտեք, մեկ-մեկ խոչընդոտում են մեր գյուղացիական տնտեսությունները, ֆերմերները, չեն հավատում լաբորատոր արդյունքներին, քանի որ համարակալման բացակայություն կա, անասունին փորձում են վաճառել կենդանի վիճակով, իսկ դա լի է վտանգներով»: Այսպիսի դեպքերից խուսափելու համար ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը առաջարկել է իրականացնել մասսայական պատվաստում: Պիլոտայինը Սյունիքի մարզում արդեն մեկնարկել է. Ծրագիրը Հայաստանում իրականացնելու համար նախ պետք է ֆինանսական աջակցություն գտնել: Մոտավոր հաշվարկներով՝ անհրաժեշտ է տարեկան մոտ 2 մլն դոլար: Սակայն մասնագետները արագ արդյունքների ակնկալիք ունենալ խորհուրդ չեն տալիս: Ի դեպ, բրուցելոզն ամենաշատը տարածված է Կոտայքի եւ Արարատի մարզերում: Ամենաքիչ դեպքերը գրանցվել են Տավուշում ու Լոռիում: