Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ խտրականություն է ցուցաբերվում (տեսանյութ)
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ նախաքննական մարմինը խտրականություն է ցուցաբերում: Ահազանգում է նրա պաշտպանը։ «Քննչական պրակտիկայում մնացած բոլոր դեպքերում այդպիսի բան տեղի չի ունենում: Եթե անձը ցուցմունք չի տալիս, նրան չեն առերեսում այլ անձանց հետ: Սեֆիլյանի պարագայում այդպես չէր: Կամ, եթե առերեսում են, պաշտպաններն իրավունք ունեն հարցեր տալ, Սեֆիլյանի պարագայում այդպես չէր: Սեֆիլյանի նախաքննությունը բոլորովին այլ ձեւով է ընթացել, քան Հայաստանում քննչական մարմինները նախաքննություն են կատարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Հունիսի 20-ից անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել, թե զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ պատրաստվում էր զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը: Պաշտպանն ապօրինի է համարում առաջադրված մեղադրանքը՝ դա կապելով նրա քաղաքական գործունեության հետ: « Քաղբանտարկյալ այն անձն է, ում նույն վիճակում խտրականություն է ցուցաբերվել եւ նա զրկվել է ազատությունից»,- ավելացրեց պաշտպանը: : Ի դեպ, թեեւ Ժիրայր Սեֆիլյանը անազատության մեջ է, սակայն հայց է ներկայացրել Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Արմենիա հեռուստաընկերության: Հեռուստաընկերությունը նրա ձերբակալությունից օրեր առաջ հաղորդում էր պատրաստել՝ նշելով, որ Ժիրայր Սեֆիլյանը մարտի դաշտում է թողել իր վիրավոր ընկերոջը եւ օգնություն չի ցուցաբերել: « Դա պատահականություն չպետք է համարել: Կերպարի սեւացման միտումը մարդկանց հասարակական ընկալումների մեջ»,- ավելացրեց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբաններից Վարուժան Ավետիսյանը: Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանը բարոյական վնասի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել: Պահանջը միայն ներողություն խնդրելն ու հերքում հրապարակելն է: