Քաղաքապետն օլիմպիականներին աջակցություն է հայտնել
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ օլիմպիական խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշների և մարզիչների հետ: Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նախ շնորհավորել է նրանց գրանցած փայլուն հաղթանակների առթիվ և շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն իր հերթին նկատել է, որ այդ հաղթանակների կերտման հարցում իսկապես անչափ կարևոր և պարտավորեցնող է գնահատանքն ու հայ մարզասերների մշտական աջակցությունը: «Իսկապես ոգևորիչ է, երբ գրանցած ձեռքբերումները գնահատականի են արժանանում: Այն էլ ավելի է ոգևորում ու պարտավորեցնում շարժվել առաջ ու գրավել նորանոր բարձունքներ: Մեր կողմից էլ վստահեցնում եմ, որ կշարունակենք անել հնարավորը, որպեսզի մշտապես բարձր պահենք մեր երկրի պատիվը», - նշել է Լևոն Ջուլֆալակյանը: ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանն էլ, ով օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչն է, առանձնակի կարևորել է մայրաքաղաքում սպորտի զարգացմանն ուղղված քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետևողական քաղաքականությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու հայ մարզիկներին՝ նորանոր հաջողություններ ապահովելու հաստատակամությամբ: