Վարուժան Ավետիսյանը դատը համարում է բեմադրություն (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը չէր ցանկացել ներկա գտնվել իր կալանքի երկարացման գործով դատական նիստին: «Նա համարում է ուղղակի բեմադրություն եւ չի ցանկանում ներկա գտնվել եւ որեւիցե կերպ մասնակից դառնալ այդ բեմադրությանը»,- ասաց պաշտպան Արա Զաքարյանը: Փորձաքննության նշանակելու որոշմանը ծանոթացնելուց բացի Վարուժան Ավետիսյանի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Դրանց իրականացման համար եւս երկու ամիս է անհրաժեշտ։ Արա Զաքարյանի խոսքերով՝ գործի ելքը վաղուց կանխորոշված էր, քանի որ դատարանը նույն նյութերի հիման վրա մեկ այլ գործով նմանատիպ որոշում էր կայացրել: «Այսինքն այդ նյութերին տվել էր գնահատական եւ նման պայմաններում ակնկալել, որ դատարանը Վարուժան Ավետիսյանի մասով տրամագծորեն հակառակ հետեւության կհանգի, առնվազն միամտություն է, սա շատ լուրջ խնդիր է»,- ասաց պաշտպանը։ Դատարանն ավելի ուշ երկու ամսով երկարացրեց Վարուժան Ավետիսյանի կալանքը։ Այսօր երկարացվեց նաեւ Սասնա ծռեր խմբի մյուս անդամ Արամ Հակոբյանի կալանքի ժամկետը: Վաղը նույն դատարանում նշանակված է նաեւ Սմբատ Բարսեղյանի գործով դատական նիստը: Նրա եղբայրը, սակայն, խմբի մյուս անդամների գործերով բոլոր նիստերին դատարանի բակում է լինում։ « Սասնա ծռերի եւ եղբորս մտադրությունը նույնն է, ինչ որ իմը, կամ տան անդամներինը, կամ հայ ազգինը ,որ ապրենք արժանապատիվ Հայաստանում»,- ասում է նա: ԵՊՀ ուսանող 23-ամյա Սմբատը ՊՊԾ շենքը գրավելու մասին ոչինչ չի խոսել: Այս օրերի ընթացքում էլ հարազատները նրա մասին տեղեկություն են իմանում միայն փաստաբանի միջոցով: Դատարանում վաղը կշարունակվեն «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամների գործով դատական նիստերը՝ կալանքի երկարաձգման հարցով։