ՀՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը (տեսանյութ)
ԱԺ քառօրյայում այսօր քվեարկության դրվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը: Այն Պետաիրավական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովում դրական եզրակացություն չի ստացել: Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց՝ նախագծի վերաբերյալ ՀՀԿ-ն ինչ դիրքորոշում ունի: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ի պատասխան ասաց. «Կարծում եմ, որ ոչ միայն ես, այլեւ ամբողջ հանրությունն իր վճռական դերն ունի այստեղ: Այդ գործը անձամբ քննարկել եմ տարբեր մասնագետների հետ: ԱԺ-ն այն հաստատությունը չէ, որ բոլոր խնդիրներին լուծում տա: ԱԺ-ն այդտեղ անելիք չունի»: Զարուհի Փոստանջյանն արձագանքեց՝ ասելով, թե Գալուստ Սահակյանի հարցումները չեն բավարարել ծնողներին, հարազատներին, դրա համար նրանք պնդում են, որ ժամանակավոր հանձնաժողովը գործի: «Յուրաքանչյուրս մեր քվեարկությամբ մեր դիրքորոշումը կարտահայտենք»,-հայտարարեց Գալուստ Սահակյանը: Զարուհի Փոստանջյանը շարունակեց՝ ասելով. «Այս պահին ԱԺ մուտքի մոտ կանգնած են ծնողները, որոնց զավակները սպանվել են, ոչ թե թշնամու գնդակից են զոհվել, այլ մեր պատճառով, քանի որ իրավապահ մարմինները լիարժեք չեն գործել»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ չի կարծում, թե սա քաղաքական հարց է ու կվնասվի քաղաքական մեծամասնության ինքնասիրությունը. «Որպեսզի ոչ թե սպանված զինծառայողների ծնողների ձեռքը բռնեն, շպրտեն, այլ բոլորս միասին քննարկենք տեղի ունեցած դեպքերը, քանի որ կան բազմաթիվ դեպքեր, որոնք խիստ վիճահարույց են, մանավանդ երբ տեղի է ունեցել ուղղակի սպանություն: Չի կարելի ամեն հարց քաղաքականացնել: Չեմ կարծում, որ կողմ քվեարկելով ԱԺ մեծամասնության արժանապատվությունը կնվաստանա»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նկատեց, որ պատահական չէ, որ հիմնական խոսացողները կանայք են, որոնք մայրեր են, որոնց համար նուրբ խնդիր է, երբ երեխայի հետ կապված խնդիր է. «Ուզում եմ նկատել, որ շատ մեծ տարբերություն կա այն ծնողների միջեւ, որոնց երեխաները զոհվել են հանուն հայրենիքի, եւ նրանց, որոնց երեխաները սպանվել են»: Իսկ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ յուրաքանչյուրը պարտք ունի բանակի ու ծնողների հանդեպ. «Այդ պարտքը կրկնապատկվում է, երբ խաղաղ պայմաններում են զոհվում: Միգուցե նախագծի ձեւակերպումներում կան թերացումներ, սակայն դրանք կարող ենք հղկել»: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իր խոսքում նշեց, որ իսկապես խնդիրը գոյություն ունի, սակայն քաղաքական դաշտից դուրս է՝ իրավապահ մարմինների խնդիրն է. «ՀՀԿ-ն նպատակահարմար է գտնում քվեարկությանը չմասնակցել»: Նախագիծը 28 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով չդրվեց ԱԺ քննարկման: