«Ոչ թե ԿԸՀ, այլ Մուկուչյանի հանձնաժողով» (տեսանյութ)
ԱԺ այսօրվա նիստում ԿԸՀ նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանին հարց ուղղելով՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ պարոն Մուկուչյանը 2011թ.-ից ԿԸՀ նախագահ է եւ այդ ընթացքում խայտառակ ընտրություններ են եղել. «Անաստված ձեւով դրանք կեղծվել են: Հանրաքվեի ժամանակ ես՝ որպես «Ոչ»-ի շտաբի պետ, դիմել եմ ձեր հանձնաժողով բողոքով ու առնչվել եմ ձեզ հետ: Ձեզ ներկայացրել եմ մի պատկեր, թե ինչպես են ամբողջ հանրապետությունում կեղծվել ընտրությունները, երբ ժողովրդագրությունն ու արդյունքները հակասել են իրար: Ես ձեզ առաջարկեցի պատահականության սկզբունքով հինգ տեղամասում վերահաշվարկ անել, դուք մերժեցիք՝ ասելով, որ նման լիազորություն չունեք: Դուք հավելյալ ապացույցներ չհայթայթեցիք ու այդպիսով հենց ձեր անձով ապացուցեցիք, որ ԿԸՀ-ն պարտակում է բոլոր կեղծարարությունները: Մենք իշխանությունների հետ ստորագրում ենք համաձայնագիր՝ հանրային վստահության բարձրացման համար, ու հիմա նույն կազմն ենք բերում ԱԺ՝ ընտրության: Արդյոք սա կարո՞ղ է նպաստել ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացմանը»: Ի պատասխան Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ Լեւոն Զուրաբյանի գնահատակաների հետ բացարձակապես համամիտ չէ. «Դրանք սուբյեկտիվ գնահատականներ են: Մենք խնդիր չենք ունեցել պարտակելու որեւէ հանցագործություն: Բերվել են դիմումներ, քննարկվել են, իսկ ապացույցների հայթայթումը պետք է լինի օրենքով սահմանված կերպով»: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Տիգրան Մուկուչյանին կպատասխանի ելույթով: Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նկատեց, որ հանրությունը ԿԸՀ-ն անվանում է «Մուկուչյանի հանձնաժողով». «Եւ դա ասոցացվում է հետեւյալ կերպ՝ մեկ է՝ ինչ ուզում եք արել, նա անելու է այն, ինչ ուզում է: Ձեր հանձնաժողովն ունի շատ բացասական ռեյտինգ, քանի որ ընտրական գործընթացում այն խաղացող չի, դուք պրոցեսների վրա ազդելու կամք, ցանկություն չունեք, դուք ընդամենը կից կառույց եք, որ արձանագրում է այն, ինչ պետք է արձանագրի, ու այս մեղադրանքը նոր չէ: Դուք գոնե մեկ անգամ քաղաքական աղմուկ հանեիք, որ հանրությունը վստահ լինի, որ մի բան արվում է: Դուք ձեր նախաձեռնողականությամբ այս դաշտում չկաք, բոլոր խախտումները կատարվում են մինչեւ հանձնաժողով, սա նոր որակ է, ընտրակեղծարարության իդեալական մշակված տարբերակ է աշխատում: Ես կարող եմ երկու ժամ մանրամասն ներկայացնել՝ ինչ մեխանիզմներ են աշխատում: Դուք՝ որպես արդարության պատվար, չկաք, ի՞նչ եք անելու այս խնդրի լուծման համար»: