Զ. Փոստանջյանը Տ. Մուկուչյանին հիշեցրեց ապստամբության մասին (տեսանյութ)
ԱԺ-ն այսօրվա նիստում ԿԸՀ նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանին հարց ուղղելով՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ հանրության մեջ համատարած կարծիք կա, որ նա ու նրա ղեկավարած հանձնաժողովը ասոցացվում է ընտրակեղծարարության ղեկավարման հետ. «Եւ, ի վերջո, ընտրակեղծիքների վերջնական պատասխանատուն դուք եք: «Սասնա ծռեր» ապստամբության հետ կապված ԲիԲիՍի-ն ՀՀ-ում անցկացրեց կարծիքի ուսումնասիրություն ու չգտավ մեկ հոգու, որ համամիտ չէր Սասնա ծռերի առաջ քաշած պահանջների հետ, այն է՝ մեր երկիրը պետք է մաքրել Սերժ Սարգսյանից ու կեղտից: Մտավախություն չունե՞ք, որ ապստամբությունը, որ ընթացքի մեջ է ու առաջին արարն է ընդամենը ավարտվել ու չկան քաղաքական լուծումներ, մտնելու է մեկ այլ փուլ, ու գալու է ԿԸՀ դուռը: Վերջին բողոքի ակցիան, որ տեղի ունեցավ ԿԸՀ մոտ, դրանից դեռ մեկ տարի էլ չի անցել ու այս անգամ ապստամբության երկրորդ փուլի հետեւանքով դուք եք թիրախը դառնալու: Չե՞ք վախենում արդյոք դրանից ու չունե՞ք մտավախություն, քանի որ ձեզանով է պայմանավորված նաեւ քաղաքական գործընթացները: Ինչպե՞ս մենք պետք է մեր վարքագիծը դրսեւորենք ձեր նկատմամբ: Հիշո՞ւմ եք՝ ես այրեցի ձեր, Սերժ Սարգսյանի, ՍԴ նախագահի... ոչ թե ձեզ եմ այրել, այլ ձեր պատկերով մարմնավորված խրտվիլակները»: Դահլիճում ներկա փոքրաթիվ պատգամավորների շրջանում դա ծիծաղ առաջացրեց: Ի պատասխան Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ներկայացվեցին ընդամենը տեսակետներ, ու քանի որ չկան հարցադրումներ, չի լինի նաեւ պատասխան: Զարուհի Փոստանջյանը շարունակեց՝ ասելով. «Երբ եղավ ապստամբություն, պետք է լիներ քաղաքական լուծում, որ մենք դուրս գայինք ճգնաժամից, սակայն ոչ ՀՀԿ-ն, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ դուք չունեք լուծումներ: Սա ես ուրախությամբ չեմ ասում, այլ խորին մտահոգությամբ, քանի որ պետության մեջ չկան գումարներ, իսկ արյունը, որ լինելու է, լինելու է շատ»: «Քաղաքական լուծումների փնտրտուքը ԿԸՀ-ի գործառույթների տիրույթներում չէ»,- հայտարարեց Տիգրան Մուկուչյանը: «Աչք ունեցողը կտեսնի, որ քաղաքական լուծումներ տրվում են մեր երկրում. գնալով պակասելու է հիմքը նման տխուր տեսլականների ու նման գուշակություններ անելու»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: