«Հայկական վերածնունդը» կարող է օգնել թե իշխանությանը, թե ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին
Դաշնակցության 2 մանդատը Վանաձորում չի կարող Հանրապետականի համար ապահովել քաղաքապետի աթոռը։ Վանաձորում «Հայկական վերածնունդի» (վերակազմյալ ՕԵԿ) ստացած քվեները կարող են օգնել ինչպես իշխանությանը, այնպես էլ «Լուսավոր Հայաստանին» եւ ԲՀԿ-ին, որպեսզի քաղաքապետը լինի ընդդիմադիր։ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ասում է. «Դեռ որեւէ մեկը որեւէ մեկին չի մերժել»: «Օրինաց երկիրն» ուշադիր է կարդացել «Լուսավոր Հայաստանի» հրավերքը՝ միանալ իրենց եւ քաղաքապետ ընտրել Էդմոն Մարուքյանի կուսակցության ներկայացուցչին: Բիշարյանի թիմն ունի իր առաջարկները. «Մենք երկու տարբերակ ենք առաջարկել՝ ոչ միայն մեզ միանալ, այն նաեւ ինչպես»: «Բարգավաճ Հայաստանը» սպասում է, թե ինչ են պայմանավորվելու «Օրինաց երկիրն» ու «Լուսավոր Հայաստանը»: Եթե լեզու գտան, ԲՀԿ-ն կմիանա նրանց: Սակայն երեքի միասնությունն էլ ոչինչ չի երաշխավորում։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշում է. «Եթե անգամ մենք հիմա միանանք Էդմոնին կամ Հայկական վերածնունդին, միեւնույն է, անհրաժեշտ քվե չի ապահովելու քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար»: Ըստ Նաիրա Զոհրաբյանի, ճիշտ կլինի, որ 5 մանդատ վերցրած «Օրինաց երկիրը» միանա 10 մանդատի տեր դարձած «Լուսավոր Հայաստանին»: Վերջինիս նախագահն այսօր փոքր-ինչ հուսահատ էր՝ «Օրինաց երկիրը» փաստացի մերժել է իրենց: Բայց դեռ վերջնական ոչինչ չկա։ Վանաձորում ընդդիմադիր քաղաքապետ ունենալու բանակցությունները դեռ շարունակվում են: Եթե ընդդիմադիր ուժերն իրար հետ լեզու չգտնեն, երկրորդ փուլով քաղաքապետ կարող է դառնալ Հանրապետականի ներկայացուցիչը։ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշում է. «Եթե 40 տոկոսից ավել քվեարկեն, անցնում է, այսինքն, իրենք իրենց մանդատներով կարող են ընտրել»: Էդմոն Մարուքյանի համար ընդունելի չեն «Օրինաց երկրի» առաջարկները միանալու իրենց՝ Վանաձորում հնարավորություն կա Հանրապետականին ընդդիմություն դարձնելու եւ պետք է օգտվել դրանից. «Ռեալ շանս կա, ունենք 18 մանդատ, կարող ենք ընտրել քաղաքապետ, հիմա կամ ընտրում ենք, կամ ՀՀԿ-ն ընտրում է իր քաղաքապետին»: