Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամի   գործով վկային չեն կարողանում գտնել (տեսանյութ)

Քաղաքականություն
ervand

«Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Արմեն Միքայելյանի գործով վկային չեն կարողանում գտնել: Այսօրվա դատական նիստում հայտարարվեց, որ վկան շուրջ 5 ամիս է չի  բնակվում իր նշած հասցեում: «Քանի որ ես գործի նյութերին տիրապետում եմ, չեմ բացառում, որ իրոք բացակայում է: Չեմ բացառում, որ նույնիսկ այդ պահին էլ ինքը ՀՀ-ում չի գտնվել:  Ես կարծում եմ, որ ոստիկանությանն էլ համապատասխան գրություն է պետք հղել, պարզելու համար, եթե չի բնակվում այս հասցեում, ո՞ր հասցեում է բնակվում: Այս վկայի ցուցմունքները խիստ էական, կարեւոր նշանակություն ունեն»,- դատարանում հայտարարեց  փաստաբան Երվանդ Վարոսյանը: «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Արմեն Միքայելյանը բերման էր ենթարկվել հուլիսի 27-ին՝  Խորենացիում կայացած ակցիայից հետո։   Ըստ ոստիկանության` նրա մոտից  խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված  7   փամփուշտով: Գրավով ազատ արձակված  Արմեն Միքայելյանը նշում է, որ իր մոտ զենք չի եղել, իսկ առավել մանրամասն կներկայացնի ցուցմունքում: Ինչ վերաբերում է գործով վկա- ընթերակային, ապա նա ոչ միայն հուլիսի 27-ին մասնակցել է Արմեն Միքայելյանի անձնական խուզարկությանը, այլեւ երկու օր հետո հարցաքննվել է :  Փաստաբանին դա զարմացրել է:   «Ոնց է հաջողվել քրեական գործի նյութերն այդ մասին լռում էին, թեեւ չպետք է լռեին:  Բայց այնուամենայնիվ քննիչը կարողացել է այդ անձին գտնել, մի բան էլ հարցաքննել»,- նշեց պաշտպանը: Երվանդ Վարոսյանը գործը համարում է արհեստական ապացույցներով սարքված,  սակայն խոստացավ առավել մանրամասն անդրադառնալ պաշտպանական ճառում: Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 26-ին: Այդ օրը նախատեսվում է գործով միակ վկայի հարցաքննությունը: