«ՊՆ-ն հոգեբուժարանի դուռն է ուղարկել մանկատան նախկին սանին» (տեսանյութ)
Մանկատանը մեծացած երկկողմանի ծնողազուրկ Մարատ Շամիրյանը կյանքում միայն մի անգամ որոշեց բողոքել անարդարությունից: Բանակի պայմանագրային ծառայող այս երիտասարդը պաշտպանության նախարարին եւ Սերժ Սարգսյանին գրում է, որ բանակում զինվորին կերակրում են հնացած սնունդով։ Զորամասի ղեկավարությունը նամակի մասին տեղեկանալով անմիջապես եզրակացրել է՝ այս տղան խելագար է: Առանց բժշկական փորձաքննության այդպես էլ ձեւակերպել են։ Նույնիսկ զորամասի բուժծառայության պետն է հրաժարվել ստորագրել բժշկությունից ոչինչ չհասկացող հրամանատարի ստեղծագործության տակ, հրամանատարին աջակցել են Կանազի զինվորական հոսպիտալի հոգեբուժական կենտրոնի բժիշկները։ Ոչ ծառայությունից առաջ, ոչ ծառայության ընթացքում Մարատը երբեւէ հոգեբուժական հետազոտության չի ենթարկվել, հաշվառված չէր հոգեբուժական որեւէ դիսպանսերում, ծառայության ընթացքում նա բազմիցս գործ է ունեցել տարբեր զենքերի հետ։ Մարատ Շամիրյանն աշխատանքից ազատվում է չունեցած հիվանդության պատճառով: Պարզվում է, ծառայության ընթացքում նա ամուսնացել է եւ մտել մի քանի վարկի տակ: Հիմա նրա ամբողջ ընտանիքն ապրում է ընդամենը անապահովության 23 հազար դրամ նպաստով։ Բոլոր դիմումներն ուղարկվել են պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանին: Ըստ Մարատի, այս մարդու հետ գործ ունենալն անիմաստ է: Փորձել է մի անգամ անձամբ խոսել Սեյրան Օհանյանի հետ, նրան հանդիպել է Մայր Աթոռում կաթողիկոսի հետ։ Մարատն զգում է՝ այս պետության մեջ չկա մի պետական պաշտոնյա, որը մատը մատին կխփի, որպեսզի իր միակ երեխան իր նման չորբանա: Ինքն այլ բան չի ուզում՝ վերականգնվել իր նախկին աշխատանքում: Ի դեպ, Մարատին շիզոֆրենիկ համարելու գաղափարի հիմնական կազմակերպիչ ինժեներական զորքերի վարչության պետ Կարեն Աբրահամյանը այս դեպքից հետո նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: