«Դեֆոլտային իրավիճակ այս պահին չկա». տնտեսագետը՝ Լ. Տեր-Պետրոսյանի ահազանգի մասին
Այսօր համացանցում տարածվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ահազանգն առ այն, որ մեր երկրում կատարվող բարեփոխումների ֆոնին իրական տնտեսական աղետ է սպառնում, որն է՝ թաքնված դեֆոլտը: Թեմայի հետ կապված մեկնաբանություն ստանալու նպատակով «Ա1+»-ը կապվեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ: Վերջինս նշեց, որ թաքնված դեֆոլտ արտահայտության տակ կարելի է շատ բան պատկերացնել. «Դժվար է ասել, թե ինչ է նա նկատի ունեցել, որ ոլորտը՝ արտաքին պարտքե՞րը, պետբյուջե՞ն, երկրի տնտեսական վիճա՞կը»,-նշեց նա՝ հավելելով, որ այս պահին մեր երկրին դեֆոլտ չի սպառնում. «Դեֆոլտը երկրի սնանկացումն է պետական մակարդակով, երբ երկիրը չի կարողանում վճարել աշխատավարձերը, պետական պարտքերը եւ այլն, բայց մենք վճարում ենք: Իհարկե, մեր տնտեսության ներկայիս վիճակն այնպիսին է, որ ռիսկեր միշտ կան, բայց դեֆոլտային իրավիճակ այս պահին չունենք»,-ասաց նա: Տնտեսագետի խոսքով՝ ռիսկերն առաջին հերթին վերաբերում են բյուջեին ու արտաքին պարտքին: «Երրորդ ռիսկը տնտեսական աճի ցածր մակարդակն է, չորրորդը՝ ներմուծման խնդիրը: Նախորդ տարվա համեմատ մեր երկիր ներմուծումը նվազել է 1 միլիարդ 170 միլիոն դոլարով, մարդկանց գնողունակությունն ընկել է: Սրանք ռիսկեր են, որ կարող են տանել դեֆոլտի, բայց եթե խոսվում է թաքնված դեֆոլտի մասին, կարող են լինել գործընթացներ, որոնց ադյունքները մենք դեռ չենք տեսնում»: