Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն ու ՀՎԿ-ն բոյկոտել են Վանաձորի քաղաքապետի երդման արարողությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
mamikon-aslanyan

Վանաձորի ավագանիների քվեարկության առաջին իսկ րոպեներից արդեն իսկ պարզ էր թե ինչի է գնում իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը. «Վանաձորը անհասկանալի կերպով ունի այն քաղաքապետը , որին վանաձորցիների մեծ մասը ըստ երևույթին ձայն չեն տվել: Երեք ոչ իշխանական ուժերի կողմից ստորագրված համագործակցության հռչակագրով հայտարարեցինք , որ սատարելու ենք միասնական թեկնածուին, սակայն սեփական ստորագրությունը դրժած 4 ավագինենիրի շնորհիվ Վանաձորում պատկերն այլ է: Այսօր տեղի  ունեցած Մամիկոն Ասլանյանի  երդման արարողությանը ՝ ինչպես  որ նախկինում հայտարարել էինք, քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության ավագանիներ՝ Հրանտ Մարգարյանը, Այծեմնիկ Օհանյանը և Դավիթ Հակոբյանը  ևս որոշել և չեն մասնակցել: ԲՀԿ-ն մնում է իր խոստումներին և պայմանավորվածություններին անդավաճան»: Վանաձորի քաղաքապետի երդման առնչությամբ ավագանու «Լուսավոր Հայաստանի» անդամ Քրիստ Մարուքյանն էլ ֆեյսբուքում ավելի վաղ գրել էր. «Օրենքի մեծն ջատագովներին և Վանաձորի հասարակությանը ցանկանում եմ տեղեկացնել, որ նման «արարողություն» սահմանված չէ որևէ օրենքով, հետևաբար՝ հայտարարված միջոցառումն անօրինական է։ Ըստ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի երկրորդ պարբերության՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։

Ավագանու անդամների համար երդման արարողություն կարող էր նախատեսված լինել Ավագանու Կանոնակարգի մեջ, եթե նորընտիր ավագանիների կողմից հաստատված լիներ նման փաստաթուղթ, սակայն, ինչպես հասկացաք, Վանաձորի ավագանու առաջին խայտառակ նիստում որևէ կանոնակարգ չի հաստատվել։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ սույնով տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այդ ապօրինի միջոցառմանը։ Նիստը բոյկոտել է նաև «Հայկական վերածնունդը». այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանը։