Վարդան Այվազյանը փորձում է փարատել Լեւոն Տեր-Պետրոսյանի տագնապը (տեսանյութ)
Ամերիկայի արտաքին պարտքը երեք անգամ գերազանցում է համախառն ներքին արդյունքին, բայց այնտեղ դեֆոլտի նախանշաններ չկան,-Լեւոն Տեր-Պետրոսյանի տագնապը փորձում է փարատել Հանրապետական Վարդան Այվազյանը. «Հայաստանի Հանրապետությունը դեռ ոչ մեկը ոչ մի անգամ չի եղել, որ ինքը լինի անվճարունակ, բեռը բարձր է, գտնում եմ, որ բարձր է»: Ըստ Վարդան Այվազյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը քաղաքական է: Բայց քաղաքական մասին ինքը չի անդրադառնա: Իսկ դեֆոլտի մասին առաջին նախագահի տագնապը մտահոգիչ է. «Դա պարզապես կարող է որոշակի առումով խրտնեցնի ապագա ներդրողներին։ ՀԱՊԿ-ի համենայնդեպս գալուց առաջ հայտարարել դեֆոլտ, պետք է ունենաս հիմնարար պատճառներ»: Մեր բյուջեի դեֆիցիտը 2017-ի բյուջեում կազմելու է 150 միլիարդ դրամ: Այս թիվն այնքան էլ չի մտահոգում Վարդան Այվազյանին. «Զգում ես, որ էդքան էլ դեֆոլտի հոտ չի գալիս»: Դեֆոլտի նախանշաններն ակնհայտ են,-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության առիթով այսօր պարզաբանումներ է ներկայացնում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը. «Ով էլ որ վերլուծի, գիտի, որ բյուջեում փող չի հավաքվում, գիտեն, որ բյուջեի 10 տոկոսը գնում է պետական պարտքի սպասարկմանը, շուտով էդ թիվը կանցնի 30 տոկոսը»: Լեւոն Զուրաբյանը հիշեցնում է, որ Հայաստանի պետական պարտքը հասել է 6 միլիարդ դոլարի այն դեպքում, երբ մեր համախառն ներքին արդյունքը 10 միլիարդ դոլար է: Այդ պարտքը շարունակում է աճել. «Չկա որեւէ նախադրյալ, որը այդ դինամիկան կշրջեր, իսկ սա նշանակում է, որ սա ֆինանսական կլասիկ դասական բուրգի վիճակն է, երբ կուտակվում է պարտքը չի կարող դա անվերջ ընթանալ, ինչ-որ պահից այդ բուրգը պայթում է»: Լրագրողները պարոն Զուրաբյանին հիշեցրեցին, որ դեֆոլտի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի տագնապը համընկավ նոր կառավարության ձեւավորման հետ՝ հասարակությունը կարծես թե հույսեր է կապում այդ կառավարության հետ: Հարցն էլ հենց դա է,-ասում է Լեւոն Զուրաբյանը. «Երբ որ սկսում են հույսեր առաջացնել չփոխելով այս արատավոր քաղաքական տնտեսական համակարգի հիմքերը, նման հույսերն ինքնին վտանգավոր են»: Այդ հույսերը շատ շուտ պայթելու են, եթե համակարգը չփոխվի: