Ո՞րն է կառավարության նոր ծրագրի ուժեղ կողմը (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում Գործադիր մարմնի ծրագրի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանից՝ ո՞րն է նրա ծրագրի ուժեղ կողմը, քանի որ նախորդ վարչապետերը եւս ուժեղ ծրագրեր են ներկայացրել, սակայն չեն կարողացել իրականացնել: «Երաշխավորված չէ, որ մենք եւս սխալներ թույլ չենք տա: Մենք հիմա ախտորոշման խնդիր ունենք: Վեց-յոթ ամսվա ծրագիր ենք ներկայացրել, որ չասեն՝ դիմացը ընտրություններ են, չգիտեք՝ ինչպես են լինելու արդյունքները, որ այդքան երկարաժամկետ ծրագիր եք ներկայացրել»,- պատասխանեց վարչապետը: Վարչապետի հետ հարցուպատասխանն ավարտվեց: Մտքերի փոխանակման համար հերթագրվեց 28 պատգամավոր: «Որ այսպես շարունակվի, շաբաթն օրն էլ երեւի նիստ անենք»,- փորձեց կատակել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ի դեպ, այսօրվա ԱԺ արտահերթ նիստը բաղկացած է չորս նիստից՝ կես ժամանոց ընդմիջումներով: Նիստը կավարտվի երեկոյան ժամը 19:30-ին: