Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հալեպի իրավիճակի մասին ապատեղեկատվություն է տարածվում» (տեսանյութ)

Քաղաքականություն
halep-1

Հրթիռակոծությունները Հալեպում շարունակվում են: Դրանք չեն դադարում օրվա 24 ժամվա ընթացքում. ասում է «Սիրիահայերի շտապ օգնության և վերականգնման» ՀԿ մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը ու հավելում, որ Հալեպում այսօր չկա ապահով գեթ մեկ  թաղամաս, շրջան, փողոց, տուն կամ շենք. «Հալեպահայության անվտանգության երաշխիքը ոչ մեկը չի կարող տալ, ոչ բանակը, ոչ էլ ուրիշ մեկը, որովհետեւ ռմբակոծությունը ամենուր է»: Հալեպում արդեն 4 ամիս է՝ էլեկտրականությունը ամբողջությամբ անջատված է, քանի որ էլեկտրականություն մատակարարող բոլոր կայանները ռմբակոծվել են: էլեկտրականություն ունենալու համար մարդիկ ստիպված են գումար վճարել, մինչդեռ պետականը անվճար է եղել.  «Մենք այնտեղ շատ մեծ գումարներ ենք վճարում, որ օրական 10 ժամ հոսանք ունենանք»: Մարիա Գաբրիելյանը ցավով է նշում, որ վերջին շրջանում ավելի  հաճախ են տարածվում  ապատեղեկատվություններ՝ Հալեպի իրավիճակի մասին. «Ասեմ իրականում ինչպես է՝ մի մասն իսկապես հեռանում է երկրից, ոմանք  գումար ունեն տոմսի, ոմանց էլ տրամադրում են, բայց  սիրիահայերի մի մասը դեռ երկմտանքի մեջ է, ցանկանում է երկու ամիս էլ սպասել, եթե Հալեպում իրավիճակը նույնը մնաց, կհեռանան»: Սփյուռքի նախարարությունը համայնքի ներկայացուցիչների հետ կապի մեջ է, վստահեցնում է Մարիա Գաբրիելյանը. «Բայց կցանկանայինք ներգաղթի մշակույթ լիներ, ինչպես դա բոլոր երկրներում է, որովհետեւ բոլորս էլ կուզենայինք Հայաստանում հաստատվել: Բոլորն էլ ասում են, որ հալեպահայությունը նոր որակ է մտցրել Հայաստան՝ սպասարկման, արվեստի եւ այլ բնագավառների մեջ»: Հալեպահայերի միակ խնդիրը Հայաստանում մնում է աշխատանքի ապահովումը. «Դե իհարկե, անգամ տեղացու համար է դժվար աշխատանք գտնել, ուր մնաց հալեպահայի, բայց կարելի է համապատասխան ծրագիր իրականացնել՝ օգտվելով ուրիշ երկրների օրինակից»: Մյուս բանախոս «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն էլ նշեց. «Երբ հրադադար է հաստատվում, պետք է հասկանանք, որ այն կայուն չէ: Կողմերից մեկն ահաբեկչական խմբավորումներն են, որոնք պարտադիր կերպով չեն կիրառում հրադադարը: ԻՊ-ին եւ քրդական գործոնն իբրեւ գործիք են Սիրիական հակամարտության մեջ: ԻՊ-ն Թուրքիայի կողմից որպես գործիք կիրառվեց՝ կառավարելի քաոս ստեղծելու համար, մինչդեռ անվերահսկելի քաոսի պայմաններ են»: