«Շատ քիչ դատապարտյալ է գտնում աշխատանք. նրանց երաշխիք է պետք»
ԱԺ-ում այսօր քննարկվում է «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:Նախագծով նախատեսվում է դատապարտյալների համար աշխատանքի ապահովում՝ պատժի կրումից հետո: Նախատեսվում է նաեւ կալանավայրում ազատ արձակումից վեց ամիս առաջ՝ զբաղվածության կենտրոնների հետ համագործակցելով, մասնագիտական ուսուցում անցկացնել դատապարտյալների շրջանում: ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, հարց ուղղելով նրան, հետաքրքրվեց. «Դուք հավատո՞ւմ եք ձեր ասածներին. էդ մասնագիտական կրթությունը, որ ստանում են դատապարտյալները, ապա քանի՞սն են ազատության մեջ ընդունվում աշխատանքի: Հետո՝ ի՞նչ գումարներ են ծախսվում, էդ ովքե՞ր են վերապատրաստողները: Դատապարտյալները, որ դուրս են գալիս, ո՞ր մասն է աշխատանք գտնում: Եվ հետո, ինչպիսի՞ն են այսօր բանտախցերում պայմանները»: Սուրեն Քրմոյանը նշեց, որ պետական բյուջեի համար այս ծրագիրը լրացուցիչ ծախսեր չեն առաջանում. «Մենք քննարկել ենք Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ ու ծախսերը նրանց միջոցով կիրականացվեն: Թե ովքեր կլինեն վերապատրաստողները, այս պարագայում կանցկացվեն համապատասխան մրցույթներ եւ անգամ գործատուներն են դա անում: Իրականում շատ քիչ դատապարտյալ է գտնում աշխատանք, նրանք անմրցունակ են համարվում աշխատաշուկայում. նրանց համար լրացուցիչ երաշխիքներ են պետք: «Արմավիր» ՔԿՀ-ում փորձնական կարգով մասնագիտական ուսուցում է իրականացվում՝ համակարգչային հմտություններ, լեզվի իմացություն, որ դատապարտյալները կարողանան գրասենյակային աշխատանքներում ներգրավվել: Փորձելու ենք ընտրել այնպիսի մասնագիտություն, որ կարողանան աշխատանք գտնել՝ փայտագործություն, կավագործություն: Բանտախցերի գերբեռնվածության խնդիրը գրեթե լուծել ենք. «Արմավիր» ՔԿՀ-ի լիարժեք վերաբնակեցումից հետո, այդ խնդիրը կլուծվի: Հիմա ՔԿՀ-երում էներգախնայողության մեծ ծրագիր ենք իրականացնում. տարեվերջին արդյունքները կներկայացնենք: Վեց ամսվա ընթացքում նախատեսում ենք էական փոփոխություններ անել»: «Տա Աստված, այն, ինչ ասում եք, մի մասը իրականություն դառնա: Պետք է հավատալ, որ այն, ինչ անում եք, ստացվելու է»,- արձագանքեց Միքայել Մելքումյանը: «Ուղղակի օրենքով ճանապարհ ենք բացում, որ զբաղվածության ծառայություններն աշխատեն դատապարտյալների հետ»,- պատասխանեց Սուրեն Քրմոյանը: