Կազատվե՞նք պետական մուրալու գործիքներից
ԱԺ-ում այսօր գիտություն, կրթություն, մշակույթ, սփյուռքի հարցեր, սպորտ, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներում 2017թ. պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին հարց ուղղելով, խոսեց մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին կոչումներ, պարգեւներ ու կրծքանշաններ տալուն. «Սրանք պետական մուրալու գործիքներ են, որոնք կաշկանդում են ստեղծագործողին, որը նայում է կրծքանշանին: Այս դեպքում չի լինում ազատ ստեղծագործող: Մենք Սովետից հետո հանեցինք այդ երեւույթը, իսկ դուք պատրա՞ստ եք գնալու նման համարձակ քայլերի, որ արվեստագետը ստեղծագործի, այլ ոչ թե մուրա»: Արամ Մանուկյանը բարձրացրեց նաեւ Գրիբոյեդովի եւ Չարենցավան տանող ճանապարհին գտնվող աղջկա հուշարձանի անմխիթար վիճակի մասին հարցը: Փոխնախարարը, առաջնահերթ խոսելով կոչումներից ու կրծքանշանների շնորհումից, նշեց, որ արվեստագետների մի ստվար զանգված կա, որ ունեն այդ կոչումները. «Այն մի մասը, որոնք արժանի են, սակայն չեն ստացել, այս պարագայում որոշակի անհավասարության մեջ են լինում: Մեդալը երկու կողմ ունի: Նախարար Ամիրյանը ստեղծագործական միություններին առաջարկել է մեկ միասնական մոտեցում ձեւավորել: Գուցե այդ կոչումներ ունենալը նպատակահարմար չէ այսօր, սակայն դա պետք է գա մշակութային ոլորտից, ու առաջամարտիկը պետք է լինեն հենց ստեղծագործական միությունները»: Ինչ վերաբերում է հուշարձանների խնդրին, ապա փոխնախարար Պողոսյանը նշեց, որ այս պահին ինքը պատրաստ չէ որոշակի պատասխաններ տալու. «Ճիշտ է՝ այս բյուջեի նախագծում այդ հուշարձանները չկան, սակայն մենք պատրաստում ենք նոր ցուցակ՝ որոշակի մոտեցումներով: Մենք կարծում ենք՝ ավելի լավ է երեք-չորս հուշարձան վերանորոգել արագ, քան գումար ներդնել ավելի շատ հուշարձանների համար ու տարիներ շարունակ ձգձգել: Այս նախագիծը բերելու ենք ԱԺ՝ հաստատման»: Արամ Մանուկյանն արձագանքեց՝ ասելով. «Օրինակ՝ Գոհար Գասպարյանը Սովետական միության արտիստ է, դա մնում է նրա կենսագրության մեջ, ես ընդամենը ասում եմ, որ ազատականացնենք այդ ոլորտը: Աշխարհն այլեւս կարիքը չունի նման կոչումների: Կոչումը տալիս է հանդիսատեսը, ժամանակը, այլ ոչ թե չինովնիկը»: